Հայոց ցեղասպանության հարցում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործածում է դեռեւս 2008թ. եւ նպատակ ունի այդ կերպ համաշխարհային հասարակական կարծիքը թյուրիմացության մեջ գցել, թե իբր Թուրքիան պատրաստ է քննարկել 1915թ. դեպքերը:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ, թուրքական այս գիծն իր մեջ կրում է վտանգավոր հանգամանք: «Հարցականի տակ է դրվում պատմական փաստը: Վստահ եմ' այս ծուղակը նախապատրաստվել ¿ երկար մտորումներից հետո: Ժամանակակից աշխարհի մեծ մասի մտածելակերպն ու աշխարհընկալումը հետեւյալն է' եթե չկա համաձայնություն պատմական իրադարձության վերաբերյալ, ապա մասնագետները պետք է խորացված ուսումնասիրություն կատարեն: Այս առումով վտանգ կա, սակայն առավել կարեւոր է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ու պատմաբանները հաջողությամբ խոսափում են եւ երբեք չեն համաձայնվել մասնակցել քննարկումների»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Սաֆրստյանը' հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն ամուր է, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է'հենված միլիոնավոր պատմական փաստերի վրա: Հետեւաբար, հատուկ հանձնաժողով ստեղծել' քննելու եղել է թե ոչ ցեղասպանություն, նշանակում է կեղծել ու խեղաթյուրել պատմական փաստը:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ նշում է, որ Էրդողանի հայտարարությունը հետեւանք է Գալիպոլիի ճակատարմատի 100-ամյակին նվիրված միջոցառմանն ուղղված քննադատությունների:
«Թուրքիայի այդ աննկարագրելի «խելոք քայլը» չստացվեց եւ հակառակ ազդեցություն ունեցավ: Դրա վկայությունը միջազգային մամուլի անդրադարձն է: Թուրքիային չհաջողվեց քողարկել ցինիզմը: Քայլը չստացվեց եւ բերեց Թուրքիայի համար ավելի մինուսային վիճակ: Կարելի է ենթադրել, որ Թուրքիան կամ արձագանք չունի, կամ դեռեւս չի ցանկանում կիրառել այն, եւ դա է պատճառը, որ Թուրքիան նորից հին երգն է երգում»,- ասաց Բեքարյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է չարչրկված իր թեզը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այն ժամանակին սպառիչ պատասխան էր ստացել հայկական կողմից, բայց դա չի խանգարել Էրդողանին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադառնալ թեմային: «Մենք հայտարարում ենք, որ եթե այս հարցում անկեղծ եք, եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին: Թող այս հարցով զբաղվեն պատմաբանները»,- նշել է Էրդողանը' հայտարարելով, թե իբր թուրքական արխիվները բաց են, և շո ւրջ մեկ միլիոն փաստաթուղթ պատրաստ է ուսումնասիրման: Նա կոչ է արել Հայաստանին և երրորդ երկրներին ևս բացել արխիվները, եթե ունեն այդպիսիք: Էրդողանը նշել է, որ պատմաբանների ուսումնասիրություններից և համապատասխան զեկույցներ ներկայացնելուց հետո միայն քաղաքական գործիչները կնս տեն սեղանի շուրջ: