«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք ու նորություն չէ, որ Ադրբեջանը բացարձակ զուրկ է պատմական արմատներից։ Այսինքն, ունի հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն: Բայց դա չի խանգարում, որ մաքսիմում «կովկասյան թաթարներ» կոչված ադրբեջանցիները հետևողականորեն կեղծ «պատմություն» հորինեն, որպեսզի ցույց տան, թե իրենք ևս հնուց եկող ժողովուրդ են։ Միաժամանակ պատմական կեղծարարությունը զուգորդվում է հայության նկատմամբ ատելության բորբոքմամբ ու հայկական պատմական ժառանգությունը ժխտելու քաղաքականությամբ։ Պատահական չէ, որ Արցախում մեր պատմամշակութային կոթողները «աղվանացվում» կամ «ադրբեջանացվում» են։ Հայկական ժառանգությունը միշտ էլ հանգսիտ չի տվել Ադրբեջանին։

Բաքվին ամենից շատ անհանգստացնում է այն փաստը, որ նույնիսկ բազմաթիվ օտար աղբյուրներում նշվում է միայն հայկականի մասին, այդ թվում՝ այսօրվա Ադրբեջանի տարածքում։ Հատկանշական է նաև, որ Ադրբեջանում իրենց չունեցածից «հերոսներ» են կերտում, որպեսզի սերունդները նրանց օրինակին հետևեն և այդ ոգով դաստիարակվեն։ Ու այս քաղաքականությունն ուղեկցվում է պատմական փաստերի աղաղակող նենգափոխմամբ։ Ավելին՝ իրական հերոսների բացակայության պայմաններում հայատյացության հողի վրա ադրբեջանական քարոզչությունը ձեռնամուխ է լինում հանցագործների կամ մարդասպանների հերոսացմանը։

Սպանված հայի գլուխ կտրողները կամ քնած հային կացնահարողները կարող են բարձրագույն պարգևների արժանանալ։ Բայց հերոսների կերտման գործընթացը հատկապես կատարելության է հասել Թուրքիայում, որտեղ զարկ է տրվում ազգայնական քաղաքականությունը մարդկանց մեջ սերմանելու քարոզչությանը, ինչն էլ իրականացվում է տարբեր խողովակներով, այդ թվում՝ կինոինդուստրիայի միջոցով։ Բայց Թուրքիան՝ դեռ մի կողմ: Եթե Թուրքիան դեռ կարող է խոսել պատմությունից, ապա Ադրբեջանը «պատմություն» բառը կիրառելիս հարկադրված է դիմել հեքիաթասացությանն ու ֆանտաստիկային: Այսինքն, մարդիկ իրենց զրոյական պատմությունը ճոխացնում, մոգոնում են...

Մյուս կողմից՝ եթե դիտարկում ենք հայ ժողովրդի անցած ուղին, ապա մեր պատմական ճանապարհն այնքան հարուստ է, որ նույնիսկ այսօր այն լիովին ներկայացնելու խնդիր ունենք։ Մեր պատմությունը լի է հերոսական էջերով, որոնք հազարամյակների խորքից ձգվում է մինչև նորագույն ժամանակներ՝ Արցախյան հերոսամարտ։ Այսինքն, մեր ունեցածը դեռ ավելին է պատմական կեղծարարությանը հակադարձելու, իրականությունն աշխարհին ներկայացնելու համար։ Բայց շատ ցավալի է, որ հենց ՀՀ իշխանությունների ձեռքով խեղաթյուրվում ու նսեմացվում է մեր պատմությունը, իսկ գիտական նվաճումները, հերոսներն ու հերոսամարտերը նետվում են լուսանցք։ Իշխանությունների նպատակն է հայությանը դարձնել անդեմ զանգված, կոտրել պայքարի ոգին, ժողովրդին կտրել իր արմատներից, մեր պատմությունը հարմարեցնել թշնամու նարատիվներին, ջնջել ազգայինն ու պատմականը։ Իսկ եթե այսպիսի մտածողությունը շարունակի արմատավորվել, ապա մեր պետականության համար որևէ դրական արդյունք չպետք է ակնկալել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ