Կենտրոնական բանկի դրամարկղային շրջանառության ծավալը 2015 թվականին կազմել է 1 տրիլիոն 926.5 միլիարդ դրամ' նախորդ տարվա համեմատ ավելանալով 8.6 տոկոսով: Տվյալներն արտացոլված են ԿԲ տարեկան հաշվետվության մեջ: Դրամարկղ ային շրջանառության ընդհանուր ծավալի 20.4 տոկոսն ապահովվել է տարածքային դրամարկղային կենտրոնների (ՏԴԿ-ների) միջոցով' առավելապես իրականացնելով կանխիկի ելքագրման գործառնություններ: Դրամարկղային ելքերը կազմել են ՏԴԿ-ների շրջանառության ընդհանուր ծավալի 78.8 տոկոսը:

 

2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը կազմել է 413.6 միլիարդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.3 տոկոսով: Շրջանառության մեջ առավել մեծ չափով նվազել են 50 000 և 100 000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների ծավալները, առավել բարձր տեմպերով աճել են 100 և 200 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների ծավալները: Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ 1000 դրամանոց թղթադրամների պահանջը բավարարելու նպատակով' Կենտրոնական բանկի դրամական պահուստները համալրվել են 1000 դրա մ անվանական արժեքով 2015 թվականի նմուշի թղթադրամով, որը շրջանառության մեջ է դրվել 2015 թվականի դեկտեմբերի 21-ին: