Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Դիարբեքիրում մայիսի 1-ի երեկոյան երկու հարձակում է իրականացրել թուրքական ուժայինների դեմ, ինչի հետևանքով մեծ թվով տուժածներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Դիարբեքիրի Դիջլե գավառից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ժանդարմերիայի բաժանմունքի վրա քուրդ զինյալները ռումբով բեռնված մեքենայով հարձակում են իրականացրել, ինչի հետևանքով մեկ զինվոր մահացել է, 26 մարդ՝ վիրավորվել: Նշվում է, որ վիրավորների մեջ կան նաև քաղաքացիական անձինք: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներից 3-ի վիճակը ծանր է:

 

Բացի դրանից, քուրդ զինյալները հարձակվել են նաև Դիարբեքիրի Հանի գավառից Դիջլե գնացող ոստիկանական մեքենայի վրա՝ գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ: Դրա հետևանքով երեք ոստիկան, ինչպես նաև մեկ կին դատավոր վիրավորվել են: