Հետախուզությանը կարելի է ինչ-որ առումով մեղադրել, բայց չի կարելի միշտ շեշտել թերացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ քառօրյա մարտական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի քայլեր, այնպիսի մարտական դրվագներ, որոնց ժամանակ հետախուզության շնորհիվ կանխարգելիչ հարվածներ են հասցվել:
«Ես միանգամայն վստահեցնում եմ, որ այդ մարտական գործողությունները կարող էին լինել լրիվ այլ կերպ, այլ ընթացք ստանային, այլ ծավալների ու ժամկետների մեջ լինեին, եթե չլինեին նույն հետախուզության տվյալները շատ ու շատ հարցերում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հետախուզությունը բազմաբովանդակ ու ծանր աշխատանք է, հարյուրավոր ճյուղեր և բնույթ ունի, վերլուծական աշխատանք է կատարվում: Եթե մեկին ասում ենք, որ մի հարցում թերացել է, ուրեմն ինքը որևէ այլ լավ բան չի արել և իրեն կարելի է ընդհանրապես արհամարհել, այդպես այդքան էլ ճիշտ չէ:
Արծրուն Հովհաննիսյանը նկատում է նաև, որ բարձրաձայնվում են այնքան երկրորդական խնդիրներ, ինչպիսին անձրևանոցն է, թրջվել է, բայց կենդանի լեգենդները չեն հերոսացվում: Նշում է, որ թե՛ զոհված սպաների, թե՛ վիրավորների և թե՛ կենդանի սպաների մեջ կան մարդիկ, ովքեր արժանի են հերոսացման, արժանի են, որ նրանց մասին խոսվի, գրվի: