Առաջատար ԶԼՄ-ների փոխանցմամբ՝Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորությունը. դրա մասին լրատվամիջոցի մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։



Ավելին՝ ասում են՝ արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը: Թե հատկապես ինչով է պայմանավորված Պուտինի հավանական հապճեպ այցը, ցավոք, աղբյուրները չեն մանրամասնում՝ այդ մասին մտորումները, թերևս, թողնելով վերլոլւծաբանների ու քաղաքագետների մտքի թռիչքին:

 

 

Եթե փորձենք հասկանալ Պուտինի՝ Բաքու հավանական այցի նպատակներն ու դրդապատճառները, ապա պետք է նախ այդ այցը դիտարկենք արցախյան խնդրի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների համատեքստում, որից էլ հնարավոր կլինի հասկանալ Պուտին-Ալիև առաջիկա բանակցությունների տրամաբանությունն ու ու դրանց ընթացքում արծարծվող թեմաները:



Նախ՝ պետք է ամրագրենք, որ այցի մասին տեղեկատվությունն ասպարեզ է սպրդում ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում աննախադեպ կերպով ակտիվացել են ԼՂ պաշտոնական ու վերջնական ճանաչման մասին խոսակցություններն ու, թվում է՝ մեկ քայլ է Հայաստանին բաժանում Արցախի ճանաչումից: Հետևաբար՝ ամենևին էլ չի կարելի բացառել այն, որ Բաքվում Պուտինն Ալիևի հետ խոսելու է հենց այս թեմայի շուրջ՝ յուրատեսակ ուլտիմատում ներկայացնելով նրան Ռուսաստանի համար այլևս «անկառավարելի» դարձած Հայաստանի «անկանխատեսելի» վարքագծի հետ կապված: Ասել կուզի' Պուտինն Ալիևի հետ իր մտերմիկ զրույցի ընթացքում բավական նուրբ կերպով ակնարկելու է այն, որ եթե Բաքուն տրվի պրովոկացիաներին ու հանդգնի ևս մեկ անգամ բլից-կրիգի փորձ անել՝ իր չմտածված քայլով ապակայունացնելով ու հրավառելով Անդրկովկասի տարածաշրջանը, ապա ստիպված է լինելու կանգնել փաստի առաջ' Արցախի Հանրապետության՝ Հայաստանի կողմից բարձրագույն մակարդակով ճանաչման, ինչին ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Մոսկվան. կարծել թե Հայաստանի ղեկավարության կողմից Արցախի պաշտոնական ճանաչման հարցի ակտիվորեն քննարկումն ու դրա՝ գրեթե անխուսափելի դառնալու հանգամանքը կյանքի է կոչվել առանց Պուտինի հետ նախնական համաձայնության գալու, կատարյալ միամտություն կլիներ…



Հիմա հարց է ծագում՝ եթե Ռուսաստանին որևիցե կերպ ձեռնտու չէ Անդրկովկասի տարածաշրջանը մխրճել արյունահեղության ծովի մեջ, ապա ի՞նչն է Պուտինին խանգարել այսքան ժամանակ՝ ձեռքը խփել սեղանին ու սաստելով Ալիևին՝ ի սկզբանե կանխել ազերիական արկածախնդրությունը: Բանն այն է, որ որքան էլ անհավանական հնչի տեսակետն այն մասին, թե Ալիևի նման ոչնչությունը կարող է ունենալ իրական լծակներ՝ ներազդելու Մոսկվայի պահվածքի վրա, սակայն այսօր դա է իրականությունը. իրականություն, որը, ի դեպ, խիստ նյարդայնացնում է Պուտինին:



Ուստի՝ խաղարկելով հայկական խաղաքարտը՝ վերջինս փորձում է սեփական վերահսկողության տակ պահել օրեցօր Արևմուտքի գիրկը գլորվող բեղավորին: Այսինքն՝ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմավարական դաշնակցին, փորձում է չեզոքացնել Ադրբեջանից եկող վտանգն ու ողջ տարածաշրջանը առնել սեփական միահեծան վերահսկողության տակ. կատարելապես կառավարելով Անդրկովկասի ամենակնճռոտ հակամարտությունը՝ Ռուսաստանը տարածաշրջանում իր ներկայությանը հաղորդում է մինագամայն նոր որակ՝ էապես թուլացնելով իր աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի դիրքերն այս տարածաշրջանում:



Թե երբ կկայանա Պուտին-Ալիև սպասվող բանակցությունները, թերևս, կիմանանք առաջիկայում, բայց որ Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում ու դրա պատճառը Մոսկվայի իրականացրած բազմաքայլ քաղաքական-դիվանագիտական կոմբինացիաներն են, անհերքելի է:



Դավիթ Բաբանով