Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ԱԺ-ում հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկրների ստանձնած պարտավորություններով: Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ մաքսանենգության ապաքրեականացումն է:
Դա նշանակում է, որ փաթեթի ընդունումից հետո այն սուբյեկտները, որոնք ապրանքների ներմուծումն ինչ-ինչ պատճառներով կատարել են մաքսային կանոնների խախտմամբ (չի հայտարարագրվել, մաքսային հսկողությունը շրջանցելով է կատարվել, ոչ հավաստի տեղեկություններ են ներառվել հայտարարագրերում) միանգամից ոչ թե քրեական պատասխանատվության են ենթարկվելու, այլ՝ տնտեսվարող սուբյեկտների պակաս վճարած հարկերը և պարտադիր վճարները հաշվարկվելու են, հաշվարկվելու են տույժեր և տուգանքներ, որից հետո, եթե պաշտոնատար անձինք կամ տնտեսվարող սուբյեկտները կփոխհատուցեն պետությանը պատճառած վնասը՝ հարցը կավարտվի վարչական վարույթի շրջանակներում: Իսկ բոլոր այն դեպքերում, եթե չեն փոխհատուցի՝ կկիրառվի Քրեական օրենսգրքի 205 հոդվածը, որը վերաբերում է հարկերից չարամտորեն խուսափելուն: Պարզաբանել է Վախթանգ Միրումյանը: Վերջինս շեշտել է, որ այն չի վերաբերում այնպիսի ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են թմրանյութերը, հոգեներգործուն միջոցները, զենք- զինամթերքը, ռադիոակտիվ նյութերը, կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար առավելագույն չափը գերազանցող դրամական միջոցները:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը դրական գնահատեց կատարվելիք փոփոխությունը: «Տնտեսական իմաստով, եթե նայենք, ապա կարելի է դրական գնահատել սա, որովհետև կարիք չկա տնտեսական գործունեության համար անձանց միանգամից քրեական պատասխանատվության ենթարկել: Կարևորը պատասխանատվությունն անխուսափելի լինի, անգամ եթե այն լինելու է վարչական տուգանքների տեսքով: Կարևորը մաքսանենգություն չլինի, իսկ թե լինելու պարագայում ինչ պատիժ կսահմանի պետությունն այս պահին, այնքան էլ էական չէ: Կարևորը, որ բոլոր դեպքերում պետությունն արձագանքի»,- մանրամասնեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ կարելի է լուրջ չափերի տուգանքներ սահմանել և բացարձակ պարտադիր չէ այդ ամենն անել քրեական դաշտում:
«Կարող եք սահմանել խիստ պատժաչափեր, ազատազրկում մինչև 10 տարի, բայց դա կիրառել ընտրովի, ոչ մի էֆեկտիվություն իր մեջ չի ունենա: Բայց միևնույն ժամանակ կարող եք կիրառել վարչական պատասխանատվություն, այսինքն՝ հիմնականում գույքային պատասխանատվության ենթարկել մարդուն և այն կիրառել բոլորի նկատմամբ: Այդ ժամանակ էֆեկտիվությունն ավելի բարձր կլինի: Իհարկե, ապաքրեականացումը չի վերաբերելու այնպիսի ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են թմրանյութերը, հոգեներգործուն միջոցները, զենք- զինամթերքը, ռադիոակտիվ նյութերը, կանխիկ դրամական միջոցների ներմուծման համար առավելագույն չափը գերազանցող դրամական միջոցները: Կարևոր չէ, թե պատասխանատվությունը քրեական է, թե վարչական, կարևորը, որ օրենքը բոլորի նկատմամբ կիրառվի»,- հավելեց Երվանդ Վարոսյանը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ևս դրական է գնահատում մաքսանենգության ապաքրեականացումը, բացառությամբ վերը նշված դեպքերի: Ըստ նրա՝ եվրոպական գրեթե բոլոր երկրներում մաքսանենգության այս տեսակները (չի հայտարարագրվել, մաքսային հսկողությունը շրջանցելով է կատարվել, ոչ հավաստի տեղեկություններ են ներառվել հայտարարագրերում) գտնվում են վարչական զանցանքի տակ: «Կարծում եմ՝ ռիսկեր չկան: Իմ կարծիքով՝ նորմալ է այս մոտեցումը: Սա հօգուտ տնտեսության է լինելու: Տեսեք՝ պետությանն ավելի ձեռնտու է, որ տվյալ մարդը տուգանք վճարի, քան գնա նստի և պետությունը նրա վրա ավելի գումարներ ծախսի: Վարչական վարույթով երբեմն ավելի մեծ արդյունավետություն է լինում, քան քրեականով»,- տեսակետ հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջում հավելենք՝ օրենքի այս փոփոխությունը, թե ինչ արդյունավետությամբ կաշխատի Հայաստանում, դժվար է ասել:
Քրիստինա Աղալարյան