Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ:

 

«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ' գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»,- ասաց Աբրահամյանը։

 

Վարչապետի խոսքով՝ ընթացիկ ամսվա 14-ից սկսում են շաբաթական քննարկումների շարք՝ քննարկելու են տաբեր հարցեր։ «Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես նշեցի, որ պատրաստվում ենք նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի: Եվ խոսքը միայն քննարկումների մասին չէ: Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք պետք է արագ կյանքի կոչվեն:

 

Իսկ հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա' բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր:

 

Այս ամսվա 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ: Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, ուստի, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Նրա էլեկտրոնային փոստի հասցեն կա կառավարության պաշտոնական կայքում»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։