Ազգային ժողովի կողմից Պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցված «Չայկա» տեսակի 3 ավտոմեքենաները դեռևս չեն գնահատվել, աճուրդի չեն հանվել և տարածված տեղեկությունները, թե այս կամ այն անձին են վաճառվել՝ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից:
Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը, մասնավորապես, նշել է, որ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ՝ ԱԺ-ի կողմից կոմիտեին օտարելու նպատակով փոխանցված տրանսպորտային միջոցները գտնվում են գույքի պահառության նպատակով հատկացված Երևանի Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեում գտնվող տարածքում և կայանված են ավտոտնակներում:
Ուշագրավ է այն, որ դեռևս 2015 թ. գործարար Արայիկ Հայրապետյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Լավանդայի Արայիկ» անունով, հարցազրույցներից մեկում նշել էր, թե իր կոլեկցիոն մեքենաների շարքում է նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի ծառայողական «Չայկա»-ն: Չնայած գործարարի հայտարարությանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի օտարման բաժնի պետ Ալբերտ Գասպարյանը ԼՈՒՐԵՐ.com-ին վստահեցրեց, որ այն շարունակում է գտնվել պահեստում ու չի օտարվել:
Արդեն անտիկվար համարվող «Չայկա» ավտոմեքենաները, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից, բավականին թանկ արժեն և օտարելու դեպքում հնարավոր է մեծ գումարներ մտցնել պետական բյուջե: Ուստի հետաքրքրվեցինք՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ է օտարել այս «հնությունները», թե ոչ, կամ ինչ ճակատագիր է սպասվում դրանց: «Այս պահին օտարման վերաբերյալ ոչ հանձնարարական ունենք, ոչ էլ քննարկում է եղել: Վերջին 10 տարվա ընթացքում «Չայկա» տեսակի ավտոմեքենա չի օտարվել: Առհասարակ, մեքենաների օտարման գործընթացը 2 ձևով է իրականացվում. եթե տվյալ գերատեսչությանը պետք չի լինում շահագործելու համար, դիմում են Պետգույքի կառավարման կոմիտեին՝ որպես լիազոր մարմնի, և եթե տվյալ տրանսպորտային միջոցն իր թվաքանակով թարմ է ու օտարման ենթակա, առաջարկվում է այլ գերատեսչությունների, մյուս դեպքում՝ եթե հետագա շահագործման համար որպես սովորական տրանսպորտային միջոց պետք չի գալիս, դրվում է վաճառքի: Այսինքն, այս պահին չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կորոշվի՝ կվաճառվի, թե, օրինակ, թանգարան կկառուցվի ու կտեղափոխվի այնտեղ»,- նշեց Գասպարյանը:
Թե ինչ վիճակում են գտնվում նշված ավտոմեքենաները, արդյոք սարքին վիճակում են, թե ոչ՝ փորձեցինք պարզել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այստեղից, սակայն, չկարողացան հստակ պատասխանել. «Արտաքինից նորմալ վիճակում են. վթարի ենթարկված կամ վնասված չեն, սակայն, թե դրանց մասերը ինչ վիճակում են՝ տեղյակ չենք և դրա մասին վկայող փաստաթուղթ ձեռքի տակ չունենք»,- փոխանցեցին ՊՈԱԿ-ից:
Սոնա Հարությունյան