Այս պահին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում հավաքվել են «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները, ովքեր, ինչպես նախապես հայտարարել էին, երթով գնալու են Նախագահական նստավայր՝ Բ 26 կամ նախագահական առանձնատուն կամ երկուսը միասին։

 

 

Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, նախաձեռնության մյուս անդամները նույն պահին բողոքի ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում՝ Մաշտոցի, Ազատության, Բաղրամյանի և այլն։ Ինչպես հայտարարում եմ անհնազանդության կազմակերպիչները, մայիսի 13-ը լինելու է քաղաքացիական անհնազանդության օր։ Իրենք այս քայլով փորձում են մեծացնել հասարակական ճնշումը իշխանությունների նկատմամբ։ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում, սպասվածի նման, կենտրոնացել են ոստիկանության մեծաքանակ ուժեր։ Նախաձեռնության անդամներից մեկը, ով նշեց, որ ինքը հավաքի կազմակերպիչ չէ, հայտարարեց, որ շարժվում են Նախագահական առանձնատուն։ Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ թույլ չտվեց առաջ շարժվել, ապա հետաքրքրվեց՝ ինչ նպատակով են ուզում գնալ նախագահական առանձնատուն։ Օսիպյանը հայտարարեց, որ հավաքն անօրինական է, բայց իրենք կուղեկցեն հավաքվածներին։ Բայց երթը կլինի նախագահական նստավայրի դիմացի մայթով, որպեսզի չխոչընդոտի երթևեկությանը։ Իսկ նախագահական նստավայրի հենց մայթին ոստիկանությունը կանգնել կամ բողոքի ակցիա անել, թույլ չեն տա։

 

 

Նշենք, որ նախաձեռնության անդամների պահանջները հետևյալն են.

 

 

Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:

 

 

2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:

 

 

3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

 

 

4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։

 

 

5. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջը կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից։

Քրիստինա Աղալարյան