Ըստ ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկատվության, վերջերս շուրջ 1000 եհովականներ տարբեր երկրներից եկել են Հայաստան ինչ-որ հավաք-համաժողովի մասնակցելու: Տեղեկատվության աղբյուրն Անգլիայից է: Կա նաև տեղեկություն, որ նրանք Հայաստան են եկել Վրաստանով, սակայն տվյալ լուրը մեզ ճշտել դեռ չի հաջողվել: Այս օրերին, երբ Արցախում գրեթե պատերազմ է, այս տեղեկությունը շատ մտահոգիչ է, իսկ խնդիրը' լուրջ:

 

 

Գաղտնիք չէ, որ Եհովայի վկաների դավանանքը նրանց թույլ չի տալիս ծառայել պետությանը, պետության առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարել, առավել ևս' զենք վերցնել ու թշնամուց պաշտպանել իրենց հայրենիքը, իրենց հայրենակիցներին: Մարդու իրավունքները պատրվակող Արևմուտքի դավադիր ճնշմամբ Հայաստանի Հանրապետությունը 2003թ. ընդունեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք, դա էլ կարծես քիչ էր, հետո մասամբ բավարարելով Եհովայի վկաների, նրանց արևմտյան հովանավորների պահանջները, փոփոխություններ ու լրացումներ կատարեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Եհովայի վկաներն ու նրանց հովանավորները, սակայն, սրանով էլ չեն բավարարվում, պահանջում են օրենքը դարձնել ավելի ազատական (լիբերալ), այսինքն' իրենց կրոնական համոզմունքների, դավանանքի պատճառով ծառայել չցանկացող աղանդավորների համար առավել արտոնյալ կարգավիճակ սահմանել:

 

 

Ըստ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հրապարակած տեղեկատվության, «վերջերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության շահերը ներկայացնող իրավաբան Ելենա Մարգարյանը, որը Փաստաբանների պալատի անդամ է, դիմել է պատկան մարմիններին' արտակարգ իրավիճակների նախարարությունում այլընտրանքային ծառայություն անցնող Եհովայի վկաների ծառայության վայրը և բնույթը փոխելու խնդրով:

Իրավաբանը նշել է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամները պետք է այլընտրանքային ծառայություն անցնեն այնպիսի վայրերում, որոնք որևէ առնչություն չունեն զինվորական կառույցների հետ, որևէ ձևով կապ չունեն պետության պաշտպանության հետ»:

 

 

Բոլորին էլ պարզ է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունում ծառայությունը որևէ կապ չունի պետության զինված պաշտպանության հետ: Դուք երբևէ տեսե՞լ եք ինքնաձիգով կամ այլ զենքով զինված հրշեջի, փրկարարի…Այլ կերպ ասած, Եհովայի վկաները հրաժարվում են ոչ միայն այլընտրանքային ծառայությունից, որը կապված չէ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ, այլև փորձում են հրաժարվել նույնիսկ ՀՀ զինված ուժերի կառուցվածքում չգտնվող, քաղաքացիական հաստատություն հանդիսացող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այլընտրանքային աշխատանքային ծառայությունից, որը նախատեսված է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով: Նրանք ընդհանրապես փորձում են հրաժարվել թեկուզ զինված ուժերից դուրս գտնվող ցանկացած վայրում այլընտրանքային աշխատանքային ծառայությունից, եթե այդ ծառայությունը որևէ կերպ կապված է մեր պետության, քաղաքացիների պաշտպանության հետ: Սա արդեն ակնհայտորեն չափն անցնել է:

 

 

Թեև այսօր Հայաստանում այլընտրանքային ծառայություն է անցնում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության մոտ 200 անդամ, սակայն, ըստ դիտարկումների, նախորդ տարիների համեմատ, անցած տարվա ընթացքում հիշյալ կազմակերպության անդամ 15-18 տարեկան պատանիների թիվն ավելացել ու գնալով ավելանում է, ինչը հուշում է, որ բանակում զինված ծառայությունից խուսափողների քանակն առաջիկայում էլ ավելի է մեծանալու: Տրամաբանական է ենթադրելը, որ կլինեն նաև մարդիկ, որոնք հատկապես ներկա իրավիճակում զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, իրենց նախաձեռնությամբ կամ ծնողների հորդորով կանդամագրվեն հիշյալ աղանդավորական կազմակերպությանը: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, եթե նույնիսկ ոչ այսօր, ապա վաղը սպառնալիք է լինելու մեր ազգային անվտանգության նկատմամբ:

 

 

Արթուր Հովհաննիսյան