Հունաստանի կառավարությունը հայտնել է, որ Միջերկրական ծովում հայտնաբերվել են նախօրյակին կորած EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռի բեկորներ, ուղեբեռ և ուղևորներից մեկի մարմնամաս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

«Մի քանի ժամ առաջ Եգիպտոսի իշխանությունները մեզ տեղեկացրեցին այն մասին, որ որոնման գոտում հայտնաբերվել են մարմնամաս, երկու նստելատեղ և ուղեբեռի մեկ կամ երկու առարկա»,- հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը:

 

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Միջերկրական ծովում հայտնաբերվել են բեկորներ, որոնք պատկանում են կորած հանրանավին: Ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Ալեքսանդրիայից 290 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել են զինվորականները, բեկորների հետ միասին հայտնաբերվել են նաև MS804 չվերթի ուղևորների անձնական իրեր:

 

 

Բեկորներն ուսումնասիրելու են Եգիպտոսի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի փորձագետները, ինչպես նաև Airbus ինքնաթիռի արտադրող ընկերության աշխատակիցները:

 

 

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղևորներ և անձնակազմի անդամներ: