Օրերս iravunk.com լրատվական կայքում «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը որոշ պարզաբանումներ է տվել Ուրիխանյան-Գումրոյան դատական վեճի առիթով, հաշվի առնելով, որ Տիգրան Ուրիխանյանը Հայաստանում չէ, և ինքն է լիազորված նրա անունից պատասխանելու:
Նա մասնավորապես նշել է. «Եթե այս պահին «gazeta.am» և «neonews.am» կայքերը չեն գործում, բայց եթե նյութ չլիներ, ապա ներողություն չէին խնդրի հենց այն ժամանակ, երբ դեռ գործում էին և տպագրվում էին նյութեր: Ինչ վերաբերում է Լուիզա Գումրոյանի պնդումներին, թե կայքը պարզապես իր անունով է, բայց պատկանում է Անդրանիկ Նիկողոսյանին, ապա մենք դրա մասին խոսել ենք ի սկզբանե, բայց դե յուրե, քանի որ կայքի սեփականատերը Լ. Գումրոյանն է հայցը պետք է ներկայացվեր իր դեմ: Եթե նա ցանկանում է, որ այն ուղղված լինի Անդրանիկ Նիկողոսյանին, ապա կարող է դատարանին ներկայացնել համապատասխան տվյալներ, ապացույցներ, որ կայքը պատկանում է Նիկողոսյանին դատարանը համապատասխան որոշում կկայացնի: Ես զարմանում եմ, որ նա զարմանում է, որ իր դեմ հայց է ներկայացվել, քանի որ բոլոր ապացույցները իր ձեռքերում են եւ կարող է հանգիստ ներկայացնել դատարանին ապացույցներ, որտեղ էլ պատասխանող կողմ կդառնա ոչ թէ ինքը, այլ Ա. Նիկողոսյանը»:
ԼՈՒՐԵՐ.com-ը հարցի պարզաբանման համար դիմեց ԱՊՀ երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին.
- Պարոն Նիկողոսյան, եթե Ձեզ պատկանող կայքերի միջոցով ներողություն եք խնդրել չի՞ նշանակում արդյոք, որ դրանով ընդունել եք ձեր մեղքը:
- Ո՛չ չի նշանակում: Ես մշտապես բնակվվում եմ ՌԴ-ում և շատ հաճախ են իմ աշխատակիցները Հայաստանում իմ անունից կամ իրենց անունից, բայց ինձ համար գործարքներ կատարել, ու ամեն ինչը չէ, որ հարմար է լիազորագրով կատարել: Հազար ու մի հարց է լինում, որ սեփականատիրոջ տեղում գտնվելն ավելի հարմար է գործնական նկատառումներով: Այդ իսկ պատճառով ես եմ խնդրել Լուիզա Գումրոյանին, որպեսզի իր անունով ինձ համար ձեռք բերի մի քանի լրատվակայն կայքերի դոմեյններ: Այսինքն, Լուիզա Գումրոյանը ոչ մի կապ չի ունեցել այդ կայքերի հետ, նրա ֆունկցիոնալ պարտականությունների մեջ միանգամայն այլ բնագավառ է մտնում: Ես դատական պրոցեսի հենց սկզբում եմ կապնվել Ուրիխանյանի հետ ու ասել, որ ես եմ կայքերի սեփականատերը ու պատրաստ եմ անձամբ ներողություն խնդրել, միայն թե Գումրոյանը դատական քաշքշուկի մեջ չընկնի իմ փոխարեն: Ինչն էլ արել եմ ինձ պատկանող կայքերի միջոցով, անկախ նրանից, որ ո՛չ իմ, ո՛չ էլ իմ աշխատակիցների մեղքը չեմ տեսել ֆեսյբուքյան օգտատիրոջ նյութը մեր կայքերում տեղադրելու հարցում: Բայց, երբ կայքերի միջոցով Ուրիխանյանից ներողութուն հայցեցինք, նրա կողմից ստացանք հաշտության համաձայնագրի մի տեքստ, ըստ որի՝ Լուիզա Գումրոյանը պարտավորվում է հայցվորին վճարել որպես փոխհատուցում 1մլն 380 հազար դրամ: Ու եթե հաշվի առնենք, որ նաև Լուիզա Գումրոյանն է օգտվել փաստաբանական ծառայություններից, ստացվում է մի անտրամաբանական գումար, որ պետք է վճարվի, ու մի հատ էլ իրեն մեղավոր ճանաչի: Ինչը Գոմրոյանի համար անընդունելի էր ու նա հրաժարվել է հանաձայնագիրը ստորագրելուց ու դատավարությունը շարունակվել է:
- Իսկ պատրա՞ստ եք որպես պատասխանող հանդես գալ, ինչպես խորհուրդ է տալիս Ուրիխանյանի ներկայացուցիչ Վարդան Քոչարյանը:
- Միանշանա՛կ, ես հենց սկզբից եմ պնդել, որ այդ կայքերն իմ սեփականությունն են ու պատրաստ եմ ինքս հանդես գալ որպես պատասխանող: Լավ կլիներ, որ նրանց կողմից այդ առաջարկությունն ավելի վաղ լիներ, որպեսզի մենք երկու կողմերի տղամարդկանցով ամոթով չմնայինք, որ մի երիտասարդ հայ աղջկա ենք դատուդիվանի առջև կանգնեցրել: Այո՛, ես հրապարակավ հայտարարում եմ, որ պատրաստ եմ որպես պատասպանող հանդես գալ ու եթե կասեն, թե ինչ փաստաթուղթ է պետք ներկայացնել դա հաստատելու համար՝ ես դա կանեմ: