Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի փաստական թեկնածու Դոնալդ Թրամփի գաղավարներն ու քաղաքական հայացքները վտանգավոր են ԱՄՆ-ի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մայիսի 22-ին NBC հեռուստաընկերության եթերում հայտնել է երկրի նախկին պետքարտուղար, դեմոկրատներից Սպիտակ տան համար պայքարի ֆավորիտ Հիլարի Քլինթոնը:
«Իմ կարծիքով՝ այն, ինչ նա ասում է, նրա թեկնածությունն իսկ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»,- նշել է Քլինթոնը: Նա ասել է, թե իրեն արդեն համարում է իր կուսակցությունից ընտրություններում փաստական թեկնածու, ինչի կապակցությամբ մտադիր է «իր բոլոր ջանքերը կենտրոնացնել» այն բանի վրա, որ արժանի մարտահրավեր նետի միլիարդատիրոջը նախագահական ընտրարշավի եզրափակիչ փուլում:
«Նա նախագահի նորմալ թեկնածու չէ,- ասել է Քլինթոնը՝ խոսելով Թրամփի մասին:- Նա հարձակումներ է կատարում մեր մերձավոր դաշնակիցի՝ Մեծ Բրիտանիայի դեմ, գովերգում Հյուսիսային Կորեայի վտանգավոր բռնապետին, հանդես է գալիս ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու օգտին, խոսում է այն մասին, որ թույլատրվի մյուս երկրներին՝ ունենալ միջուկային զենք, հանդես է գալիս կտտանքները վերականգնելու և նույնիսկ ահաբեկչության դեմ կասկածվողների ընտանիքների սպանության օգտին»: Այս ամենն անմիջական վտանգ է ներկայացնում»,- հավելել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: