Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքի փոխքաղաքապետ Հարութ Խանջյանը հաղորդագրություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Շնորհավորում եմ գեներալ Մանվել Գրիգորյանի վերադարձը Երևան, ով ապրիլին Ադրբեջանի թուրքերի հարձակմանը դիմադրելու համար անմիջապես քաջորեն մեկնեց Ղարաբաղ՝ իր ղեկավարած ԵԿՄ անդամներով:
Ղարաբաղյան պատերազմի հերոս և մեր ամենակարևոր հաղթանակը կերտողներից հերոս գեներալ Մանվելն ապրիլ ամսին նորից կարողացավ շուտ հավաքել իր շուրջը Երկրապահ կամավորական միության քաջ անդամներին (ամենակարևորը՝ տասնյակ հազարավոր կամավորների բանակի մակարդակի կազմակերպության), որ օգնեն և թիկունք կանգնեն մեր հայ զինվորներին: Զորքեր ունեցան մեր հայորդիները՝ լինի բանակայինները կամ կամավորները:
Բայց սրտի ցավ եմ զգում, որ մինչև Փարիզ ու Ֆրանսիա արձագանքներ և բողոքներ եմ լսում մեր հերոս Մանվել Գրիգորյանի հասցեին:
Վստահ լինենք, որ այս տեսակ բողոքները կամ դիտողությունները գեներալ Մանվելի թիմին, ուրախացնում են մեր թշնամիներին և թերագնահատվում է մեր ազգային բանակը օտարի աչքերում:
Գեներալ Մանվելը ազգային հերոս է և մեր առյուծներից մեկն է:
Պետք չէ՝ սպասենք առյուծի քայլվածքը և շարժումները նման լինեն կատուների քայլվածքին:
Կատուները չե՛ն, որ Երկիր են բերում:
Կատուներից թշնամին չի վախենում:
Պետք է թիկունք լինենք մեր այսօրվա հայ ազգի գեներալ Մանվել Գրիգորյանի պես առյուծներին:
Միայն մեր առյուծներն են, որ կարողանում են պաշտպանել մեր երկիրը և սուրբ հայրենիքը»: