Ման-վե՜լ», «Ման-վե՜լ», «Ման-վե՜լ». շատերն են հիշում այս վանկարկումները 2008 թ. փետրվարի այն թեժ օրերին, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վիճարկելով փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, բազմահազարանոց հանրահավաքներ էր իրականացնում Երևանի Ազատության հրապարակում։ Ի՞նչ էր դա նշանակում, ո՞ր Մանվելի մասին էր խոսքը, ի՞նչ, որչա՞փ կամ որտեղի՞ց գիտեին հանրահավաքի մասնակիցներն այդ մասին՝ կարծես այդքան էլ էական չէր, էականն այն էր, որ «Մանվելը» միանում էր հանրահավաքին, ընդդիմությանը, Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը։ Միանում էր, բայց չմիացավ։ Այն ժամանակ՝ այսքանը միայն։
2018 թ. իշխանափոխությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնեց դատարանի առաջ, և նրան մեղադրեցին 2008 թ. նույն շրջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ հակասահմանադրական գործունեության մեջ։ Չխորանալով քրեական գործի մանրամասների մեջ և ընդհանրացված կերպով ներկայացնելով մեղադրանքը՝ Քոչարյանը կասկածվում է 2008 թ. փետրվարի 23-ին, այսինքն՝ մինչև մարտի 1-ին արտակարգ դրության հայտարարելը, հատուկ գաղտնի հրամանով («0038») ռազմական խմբավորումներ ստեղծելու և պետության զինված ուժերը ներքին հարցերի կարգավորման մեջ ներքաշելու համար։ Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարի 22-ին Քոչարյանը վերադարձել էր Ռուսաստանից, որտեղ եղել էր աշխատանքային այցով և, հասկանալով իրերի դրությունը, փետրվարի 23-ին, զինվորական բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, խորհրդակցություն էր կազմակերպել նախագահական նստավայրում։ Այդ հանդիպումն այսօր դարձել է դատաիրավական մարմիններում քննարկվող խնդիր։
Թե ի՞նչ է կատարվել փետրվարի 23-ին և դրանից հետո՝ մինչև մարտի 1-ի վճռորոշ օրը, հասարակական լայն քննարկումների բովում որոշակիորեն հանրայնացվել է։ Եվ չնայած ակնհայտ կողմնակալ քարոզչական թեզերին, այդուհանդերձ, հասարակական լայն շրջանակները ամենօրյա դատավարական գործընթացների, լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների, կողմերի ելույթների և այլնի միջոցով որոշակիորեն իրազեկված են։
Ի՞նչ իրադրություն էր հանրապետությունում ընտրության օրվան՝ փետրվարի 19-ին հաջորդող օրվանից մինչև Քոչարյանի վերադարձը և փետրվարի 23-ին նախագահի նստավայրում տեղի ունեցած նշյալ խորհրդակցության օրը։ Այս թեման առաջին հայացքից, կարծես, ևս քննարկվել է, սակայն ներկայումս և՛ իշխանական քարոզչամեքենան, և՛ դատաիրավական շրջանակները՝ իրենց բոլոր միջոցներով և մեթոդներով, ամեն կերպ շրջանցում են մի հույժ կարևոր պարագա՝ Մանվել Գրիգորյանի և նրան հարող զինվորական շրջանակների պահվածքն ու գործողություններն այդ վճռորոշ եռօրյա շրջանում։
«Ման-վե՜լ»-ի «մուտքը» իրադարձությունների շրջանակ
Ավելի մանրամասն սկզբնաղբյուրում՝ http://www.yerkir.am/