Ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Այս խաղարկությունը կրկնակի հոբելյանական էր: Նախ՝ փոխանցիկ գավաթը խաղարկվում էր 15-րդ անգամ եւ երկրորդ՝ օրերս լրանում է Զորավարի 60-ամյակը, եւ խաղարկությունը նվիրված էր Արցախի հերոսի 60-ամյա հոբելյանին:

 

Շուրջ ամիսուկես տեւած ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում, որ անցկացվեց Էջմիածնի քաղաքային մարզադաշտում, Պատանի երկրապահի ֆուտբոլի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի մարզադպրոցի թիմին: Մրցանակային 3-րդ տեղն էլ զբաղեցրեց «Արաքս» թիմը:

 

Մրցանակակիր թիմերին եւ տարբեր օղակների լավագույն ֆուտբոլիստներին մրցանակները հանձնեցին Զորավար Մանվել Գրիգորյանը, մրցաշարի համակազմակերպիչ եւ հիմնական հովանավոր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ հովանավոր «Արա եւ Այծեմնիկ» ՓԲԸ տնօրեն Արման Գրիգորյանը:

 

Մինչ մրցանակաբաշխության արարողությունը հանդիսության մասնակիցները, երկրապահները, ֆուտբոլային թիմերի մարզիչներն ու մարզիկները, մրցաշարի մրցավարները, Էջմիածնի հանրության ներկայացուցիչները ծաղկադրում կատարեցին Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Ստորեւ ներկայացվում է փակման արարողության ժամանակ Զորավարի ելույթի տեքստը:

 

«Հարգելի՛ ներկաներ.

 

Շնորհավորում եմ ամենքիս մարզական գեղեցիկ տոնակատարության կայացման կապակցությամբ։
Սպորտի կարեւորությունը ես միշտ էլ գնահատել եմ։ Դեռ 1989-94-ի Արցախյան պատերազմի տարիներին ես պարբերաբար կազմակերպել եմ տարբեր մարզաձեւերից մրցություններ 5-րդ բրիգադի գումարտակների միջեւ։ Տղաները կռվում էին առաջնագծում, իսկ կարճատեւ դադարների պահերին ֆուտբոլ, վոլեյբոլ խաղում։ Սպորտի նկատմամբ հետաքրքրությունս դրսեւորումներ ունեցան նաեւ հետպատերազմական շրջանում։ Հիմնեցի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնը, որն այսօր Հանրապետության ամենակայացած ձիարշավարաներից է, ուր մշտապես անցկացվում են խոշոր մրցաշարեր։
Հայոց բանակում եւս կարեւորել եմ սպորտի նշանակությունը եւ երբ պաշտպանության փոխնախարար էի, իմ իրավասության ոլորտում էր նաեւ բանակի մարտական պատրաստվածությունը, մարզական պատրաստականությունը։
Երկրապահ կամավորականների միության ամենաակտիվ հանձնաժողովներից մեկը պատանի, երիտասարդ երկրապահների հետ տարվող աշխատանքների եւ սպորտի հանձնաժողովն է։ Պատահական չէ, որ ԵԿՄ վարչության շատ անդամներ ղեկավարում են տարբեր մարզաձեւերի Հանրապետական ֆեդերացիաները՝ նետաձգություն, թաեքվոնդո եւ այլն։ Ինքս էլ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ։ Մեր պատանի, երիտասարդ երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներում ընդգրկված են տարբեր մարզաձեւերի լավագույն մասնագետներ՝ նետաձգություն, թաեքվոնդո, ֆուտբոլ, դուքենդո, շախմատ, քիքբոքսինգ, սամբո, բռնցքամարտ։

 


Հիմա, ինչ վերաբերում է կոնկրետ այսօր ավարտված մրցաշարին։ Ես շնորհավորում եմ կազմակերպիչներին, որ մեզ գեղեցիկ տոն պարգեւեցին։ Շնորհավորանքներս Էջմիածնի քաղաքապետարանին, Երկրապահ կամավորականների միությանը, նաեւ՝ նրցաշարի հովանավորներին։ Շնորհավորում եմ հաղթող թիմերին, տարբեր անվանակարգերում պարգեւների արժանացած մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին։ Շնորհավորում եմ մրցաշարի բոլոր մասնակիցներին։ Այստեղ պարտվողներ չկան։ Հաղթել են բոլոր մասնակիցները։ Այսպիսի մանկապատանեկան մրցաշարերը հնարավորություն են տալիս հայտնաբերելու շնորհալի, հեռանկարային մարզիկներին։
Ամփոփելով՝ նշեմ՝ հերթական մարզական տոնը Երկրապահի շնորհիվ, Էջմիածնի քաղաքապետարանի շնորհիվ, երկրապահ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհիվ կայացավ»։