Ադրբեջանցին Սանկտ Պետերբուրգում սպանել է 23-ամյա կնոջն ու նրա անհետացման մասին հայտնել ոստիկաններին, տեղեկացնում է Azerbaycan 24-ը:
23-ամյա Գյուլնար Հաբիբովան Սանկտ Պետերբուրգում անհետացել էր ապրիլի 22-ի գիշերը։ Երեկոյան հեռախոսով հանգիստ զրուցել էր մոր հետ, ասել, որ պատրաստվում է ընթրիք պատրաստել ամուսնու՝ 34-ամյա Սամիրի համար։
Սամիրն ու Գուլյան (այդպես են նրան կոչում հարազատները) ամուսնացել են ապրիլի 15-ին։ Դրանից հետո աղջիկը տեղափոխվել էր ամուսնու բնակարան, իսկ մեկ շաբաթ անց առեղծվածային պայմաններում անհետացել։
Ապրիլի 22-ի առավոտյան Գուլյան պետք է գնար բժշկական ինստիտուտ, սակայն այդ պահից նրա հեռախոսն անջատված է եղել։ Սամիրի խոսքով՝ կինն առավոտյան հեռացել է տնից, ուր է գնացել՝ չգիտի։
Դրանից հետո Հաբիբովայից ոչ մի լուր չի եղել։ Ծնողները, ընկերները, կամավորներն ու ոստիկանությունն ավելի քան մեկ ամիս փնտրել են Գյուլնարին, իսկ հինգշաբթի արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածվել. Հաբիբովան ոչ անհետացել է, ոչ էլ փախել։
Մայիսի 26-ի առավոտյան Սամիր Հաբիբովը ձերբակալվել է՝ ապրիլի 22-ին կնոջը սպանելու մեղադրանքով։
Այժմ Սամիրին հարցաքննում են։ Դեռ հայտնի չէ՝ ընդունե՞լ է նա մեղքը, թե՞ ոչ։ Դժբախտ կնոջ մարմինը դեռ չի հայտնաբերվել, սակայն կան ապացույցներ, որ նրան սպանել է հենց Սամիրը։
Գյուլնարն ու Սամիրը մինչ ամուսնությունը քիչ են շփվել. այդպես է պահանջում ադրբեջանական ավանդույթը։ Սակայն աղջկա ընկերներին տղամարդը դուր չի եկել հենց սկզբից։ Չափազանց խանդոտ է եղել. Սամիրը պնդել է, որ աղջիկը կարող է հանդիպել միայն մոր հետ, իսկ մնացած ժամանակը պետք է տանն անցկացնի։ Արդյունքում նա սկսել է փակ կենսակերպ վարել։ Անգամ սոցցանցերում իր էջերն է փակել ամուսնու պահանջով, պատմել է ընկերուհիներից մեկը։
Ուշագրավ է, որ Գյուլնարի անհետացման մասին ոստիկանությանը տեղյակ է պահել հենց Սամիրը և առաջին մի քանի օրերին զբաղվել որոնումներով։ Իսկ հետո, անսպասելիորեն, անհետացել է։