ՀՀ նախագահական ընտրությունների օրը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որոշել է գնալ «վա-բանկ»: Օգտվելով նրանից, որ այսօր բոլորի ուշադրությունը միանգամայն այլ ուղղության վրա է սևեռված, քաղաքապետարանն ու ոստիկանությունն էլ հիմնականում ընտրություններով են զբաղված, Ղուկասյանը որոշել է պահը բաց չթողնել և իր կողմից ապօրինաբար սկսված գազալցակայանի շինարարությունն ավարտին հասցնել:

Վարդան Ղուկասյանի ժառանգորդ Սպարտակ Ղուկասյանի հրամանատարությամբ շինարարական բրիգադը տարվել է շինհրապարակ: Այնտեղ է գտնվել նաև նախկին քաղաքապետի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը: Այս անգամ, սակայն, հարակից շենքերի բնակիչների համբերության բաժակը լցվել է. նրանք են դուրս եկել և փորձել կանգնեցնել շինարարությունը, բանվորներն իրենց հերթին, երևի թե, գիտակցելով ապօրինության փաստը, հրաժարվել են աշխատել, ինչից հետո վիճաբանությունը վերաճել է քաշքշոցի: Քաշքշոցի ժամանակ էլ Սպարտակը ծեծել է կռունկավարին և ջարդել կռունկի ապակիները: Կայքերից մեկը լուր էր տարածել, թե իբր կրակոց է եղել, սակայն, մեր տեղեկություններով՝ այս անգամ գործը կրակոցների, բարեբախտաբար, չի հասել: Ոստիկանությունը միջամտել է, ըստ երևույթին, ընդամենն արձանագրել է և հեռացել:

Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք այս ապօրինի շինարարությանը: Բանն այն է, որ ի սկզբանե, Ղուկասյանը սրանով ավելի շատ, կարծես թե, ձգտում էր ձեռնոց նետել քաղաքապետարանին ու իրավապահ մարմիններին՝ մարզպետարանի դիմաց, բնակելի շենքերի հարևանությամբ գազալցակայան կառուցելով: Քաղաքապետարանի բազմաթիվ զգուշացումները, արգելքները, անգամ երկու անգամ կիրառված տուգանքները ոչ մի արդյունք չէին տվել: Ավելին՝ այս աղաղակող ապօրինությանն անգամ ոստիկանությունն էր որոշել խիստ հայեցողական վերաբերմունք դրսևորել և մինչ օրս ձեռնպահ էր մնացել քրեական գործ հարուցելուց: Ի դեպ, մինչ օրս մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ որևէ դիրքորոշում կարծես թե հանդես չի բերել սրա հետ կապված՝ երևի թե բավարարվելով այն մտայնությամբ, թե դա իր գործը չէ, ինքն ընդամենը մարզպետ է, հետո՞ ինչ, որ շինարարությունն իր «քթի տակ» է, հետո՞ ինչ, թե նախկինում ոստիկան էր:

Այսօրվա միջադեպը երևի թե պետք է ընկալել հենց որպես այս ամենի տրամաբանական շարունակություն: Սա, ըստ էության, արդեն ո՛չ թե Սպարտակ Ղուկասյանի հերթական խուլիգանական արարքն է, ո՛չ թե ուղղված է հիշյալ անձնավորության «հաշվեհամարին» հերթական կրիմինալ գործողությունն ու միավորները գրանցելուն, ինչն ավելի քան անհրաժեշտ է նրան «օրենքով գող» ձեռնադրվելու համար (ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի ամենանվիրական երազանքը իր որդի Սպարտակին «օրենքով գող» կարգված տեսնելն է, ինչի համար Ղուկասյանը ոչ մի բան չի խնայում և ոչնչի առաջ չի կանգնում), այլ սա Վարդան Ղուկասյանի կատարած և բոլորին ի ցույց դրած «ընտրությունն» է: Ղուկասյանը չցանկացավ սահմանափակվել բոլորի նման ընտրատեղամասում քվեարկություն կատարելով: Նա որոշեց իր ընտրությունն ի ցույց դնել բոլորին և դրանով ինչ պետք է, և ում որ պետք է՝ հասկացնել:

Եթե մինչ այս պահը հիշյալ գազալցակայանի շինարարությամբ Ղուկասյանը ձեռնոց էր նետում ընդամենը Սամվել Բալասանյանին՝ հասկացնելով, որ անկախ քաղաքապետի աթոռի հանձնումից, քաղաքի իրական տիրակալը շարունակում է մնալ ինքը, ապա Սպարտակի այսօրվա «հերոսությամբ», Ղուկասյանը, ըստ էության, արդեն ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին:

Նախագահը քարոզարշավի ընթացքում դիմում էր ՀՀ քաղաքացիներին, խնդրում վստահել իրեն և քվեարկել իր օգտին՝ խոստանալով վստահության դիմաց նրանց համար Հայաստանը դարձնել ապահով երկիր: Գյումրու նախկին քաղաքապետը, ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավարը, որ ՀՀԿ 15-րդ համագումարում ներկայացված չէր նույնիսկ շարքային պատվիրակի կարգավիճակով և կարծես թե ընդհատակ էր անցել, հենց ընտրության օրով որդու գլխավորությամբ հրոսակախումբ է ուղարկում՝ հասկացնելով, որ «ապահով» կամ «անապահով» Հայաստանի կառուցումը իրենցով է պայմանավորված, որ առանց իրենց թույլտվության ու բարի կամքի որևէ մեկը չի էլ կարող երազել ապահով Հայաստանի մասին և ցանկության դեպքում ինքը և իր նմանները պատրաստ են հաշված րոպեների ընթացքում «ապահով Հայաստանը» գրողի ծոցն ուղարկել՝ այնպիսի «անապահովություն» առաջ բերելով, որ անգամ մղձավանջի ժամանակ է անհնար պատկերացնել:

Ասել, թե Սերժ Սարգսյանն ինքն էլ չի հավատում իր ասածներին, թե ընդամենը տեքստեր է կարդում, որ հրամցնում են նրան պրոֆեսիոնալ «փիառշիկները», երևի թե սխալ կլինի: Տվյալ պահին, ճիշտ է, «ապահով Հայաստանն» իրականության հետ որևէ աղերս չունի, քանի որ այսօրվա Հայաստանը դեռևս Վարդանիկների, Նեմեցների ու Լիսկաների Հայաստանն է, իսկ նրանց Հայաստանում շարքային քաղաքացին ապահովության որևէ երաշխիք ունենալ չի կարող, քանի որ Վարդանիկների, Նեմեցների ու Լիսկաների Հայաստանում անգամ ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ Նախագահը չի կարող ապահովության երաշխավոր լինել (այդ Հայաստանում իրական «խփողները» հենց նրանք են, որոնք արդեն երկար տարիներ սովորել են, որ ու՛մ ուզում, որտե՛ղ ուզում և ինչքա՛ն ուզում «խփում են»), սակայն այս ամենով հանդերձ վերջնականապես թևաթափվել և չհավատալ, որ մի օր «Ապահով Հայաստանի» հեքիաթը կարող է իրականություն դառնալ, նշանակում է ընդունել, որ Հայաստանը հենց Վարդանիկների, Նեմեցների ու Լիսկաների Հայաստանն է ու հենց նրանք են մեր երկրի ապագան որոշողները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսօր կկատարեն իրենց ընտրությունը: Թե ո՞վ կդառնա ՀՀ հաջորդ Նախագահը, հայտնի կդառնա մի փոքր ավելի ուշ, բայց հենց այդ պահից սկսած երևի թե նոր միայն կսկսվի ՀՀ հաջորդ Նախագահի «իրական ընտրության» գործընթացը: Ու թե ի՞նչ ընտրություն կկատարի հաջորդ նախագահը՝ ո՞ր Հայաստանի վրա կկանգնի ՀՀ հաջորդ Նախագահի ընտրությունը՝ Վարդանիկների, Նեմեցների ու Լիսկաների՞, թե՞ վերջիններից պաշտպանության կարիք ունեցողների, որոնք ցանկանում են իրենց երկրի լիարժեք քաղաքացի զգալ ու սեփական պետության կայացման համար ոչ մի բան չխնայել, կերևա արդեն առաջիկա ամիսների ու տարիների ընթացքում:

Լուսինե Կեսոյան