Արցախյան հարցի շուրջ հետաքրքիր զարգացումները շարունակվում են իրենց ողջ թափով: Այս անգամ էլ, պարզվում է, հարցի շուրջ որոշել է խոսել Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից մեկը հանդիսացողԿոնստանտին Զատուլինըով Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն է: Այս մարդը, որ երբեք էլ աչքի չի ընկել իր բացահայտ հայամետ կեցվածքով, իսկ այս կամ այն թեմաների վերաբերյալ կարծիք հայտնելիս, որպես կանոն, մշտապես ցուցաբերել է զուսպ կեցվածք' չնեղացնելու Բաքվին, այս անգամ հանդես է եկել գրեթե սենսացիոն հայտարարությամբ, ուր բացահայտ կերպով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմ չի վերադառնա:


Ի դեպ' այս մասին նա հայտարարել է Սոչիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այս միտքը հնչել է այն բանից հետո, երբ Զատուլինը մի շարք հանգամանքներ է նշալ' ցույց տալու ու փաստելու, որ Ադրբեջանը երբեք Թուրքիայից կտրված ու այդ երկրի հետ նախապես չհամաձայնեցված արտաքին քաղաքականություն չի վարի, քանի որ, ինչպես նա է նշել, Ադրբեջանի բոլոր խաչմերուկներում և փողոցներում պաստառներ են կախված Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի նախորդի՝ Հեյդար Ալիևի խոսքերով. «Երկու երկիր՝ մեկ ժողովուրդ»: Ավելին' չբավարարվելով համապատասխան ազդանշաններ' Բաքու ուղարկելով' Զատուլինը, կարծես ի հեճուկս Ալիևի, վերհիշել է սպարապետ Վազգեն Սարգսյանին ու խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին' կրկնել Սպարապետի' իրեն ասած խոսքերը. «Ռուսաստանը Կովկասում իր Իսրայելն ունի. դա Հայաստանն է»:


Համաձայնե՛ք' ամեն օր չէ, որ կարելի է ականատես դառնալ ռուսական կողմի նմանատիպ պոռթկումներին ու ինչ-որ տեղ «շոյվել» հայ-ռուսական դարավոր եղբայրության մասին Կրեմլին մոտ կանգնած մարդկանց կողմից արվող հայտարարություններով. ո՞րն է, այնումանեայնիվ, Զատուլինի' հայերիս սեր խոստովանելու պատճառը:

 

Այն, որ գերտերությունները Անդրկովկասը միշտ էլ դիտարկել են իր ամբողջության մեջ ու փորձել են իրենց ազդեցությունը տարածել ոչ միայն տարածաշրջանի առանձին երկրների վրա, այլ' միանգամից բոլորի, հայտնի իրողություն է. տարածաշրջանն այս չափից դուրս փոքր է, որպեսզի հնարավոր լիներ կիսել այն ազդեցության տարբեր գոտիների:

 

Հայտնի է նաև, որ այդ նույն գերտերությունները, պահպանելու համար իրենց ունեցած ազդեցությունը այս կամ այն տարածաշրջանում, մշտապես առաջնորդվել են հռոմեական' բաժանիր, որ տիրես սկզբունքով' խաղալով երկրների միջև եղող հակասությունների վրա ու ժամանակ առ ժամանակ բռնելով մե՛րթ մեկի, մե՛րթ մյուսի կողմը. տեսնելով, որ Արևմուտքը' Վաշինգտոնի գլխավորությամբ, ջանում է հակամարտության վերաբռնկման վերաբերյալ հավասարակշռված ու հնարավորինս օբյեկտիվ դիրքորոշմամբ հանդես գալ ու վախենալով, որ այս ողջ պատմության մեջ կարող է ստացվել այնպես, որ վատամարդ դուրս գա բացառապես Ռուսաստանը, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կրկին ստիպված է եղել վերհիշել Հայաստանի հետ ունեցած իր դաշնակցային հարաբերությունների մասին: Ինչ խոսք' այստեղ դեր ունեն նաև ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք Էրդողանի օրոք կարգավորելու ոչ մի հույս Մոսկվան չունի. Կրեմլում, երևում է, վերջնականապես համոզվել են' Բաքվի' ԵՏՄ անդամակցության հետ հույսեր կապելը կատարյալ ուտոպիա է, ու ցավացնելու համար Ալիևին վերհիշել են դարավոր բարեկամության մասին:

 

Դավիթ Բաբանով