«Ոչինչ այս արևի տակ հավերժ չէ» ասույթը, թերևս, ծանոթ է շատերիդ: Հարափոփոխ այս աշխարհում, երբ իրադարձությունները միմյանց են հաջորդում այնպիսի խելահեղ տեմպով,որ մարդ չի էլ կարողանում կողմնորոշվել՝ որն էր սկիզբը և որը՝վախճանը, արդարև, այս ասույթը երբեք ու որևէ ժամանակաշրջանում չի դադարում արդիական լինել:
Բայց հավանաբար,շատերդ կհամաձայնեք, որ մարդկային գործոնեության որևէ այլ ոլորտ, բնագավառ այնքան փոփոխական չէ, որքան 21-րդ դարի մեծ քաղաքականությունը, ուր հիմնական դերակատարների շահերն ու սկզբունքներն այնքան հարափոփոխ են, որ չես էլ կարողանում հստակ կողմնորոշվել՝ ով է ընկերդ, դաշնակիցդ, իսկ ով՝ մրցակիցդ ու թշնամիդ:
Բոլորիդ է, վստահաբար, հայտնի, որ այս օրերին Հայաստանում քննարկվող ամենակարևոր թեմաներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի այցն է՝ Հայաստանի Հանրապետություն, ինչը ոչ միայն տնտեսական դրդապատճառներ ուներ, ինչպես խոսվում էր երկար օրեր առաջ, այլ ռազմաքաղաքական, որի առիթ հանդիսացավ հատկապես հայ-ադրբեջանական 4-օրյա պատերազմը. Մեդվեդևի հետ քննարկվեցին նաև հարցեր՝ վերաբերող հենց այս կոնֆլիկտին:
Այն, որ հայկական կողմի համար մշտապես էլ անհանգստացնող է եղել ՌԴ կողմից թշնամուն զենք վաճառելու փաստը, հանրահայտ ճշմարտություն է. Հայաստանը բազմիցս է իր անհանգստությունն արտահայտել այս խնդրի կապակցությամբ՝ անելով դա զանազան մեծ ու փոքր ամբիոններից, իսկ այդ մասին վերջին հայտարարությունը, ինչպես գիտեք, հնչել էր Բեռլինում նախագահի շուրթերից:
Համաձայնե՛ք, սա մի հարց է, որը դուրս է գալիս բացառապես այս կամ այն երկրի բիզնես շահերի շրջանակից ու շոշափում շատ ավելի խորքային հարցեր, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայերիս մոտ մի շատ բնական հարց է ծագում. եթե ՌԴ-ը իրեն հանրահռչակել է՝ ՀՀ թիվ մեկ ու անփոխարինելի ռազմավարական գործընկեր տարածաշրջանում, ինչպես կարող է ժամանակակից ռազմական տեխնիկայով համալրել բարեկամ երկրի հակառակորդ Ադրբեջանին այն պարագայում, երբ արցախյան հարցը դեռևս լուծված չէ, իսկ հաստատված զինադադարն էլ՝ խիստ փխրուն. ո՞րն է տրամաբանությունը:
Հիշեցնենք, որ երբ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկրի Ամերիկայի Միացյալ Նահանգների առջև ծառացել էր երկընտրանք՝ վաճառե՞լ ազերիներին զենք, թե՞ չվաճառել՝ մնալով չեզոք դիրքերում, ամերիկացիները, ի պատիվ իրենց, անկողմնակալ դիրքորոշում էին հանդես բերել՝ հրաժարվելով զինել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին:
Իսկ ի՞նչ է անում Ռուսատանը. նա, ըստ էության, մի կողմից՝ հավաստիացնում է, որ մեզ թիկունք է կանգնելու անխտիր բոլոր հարցերում, բայց մյուս կողմից՝ զինում է մեր թիվ մեկ հակառակորդին. հիմա ես չեմ՝ դուք եք, ինչպե՞ս կգնահատեք այս ամենը…
Պարզվում է, որ Մոսկվային ամենևին էլ չի կաշկանդում իր՝Հայաստանի նկատմամբ ունեցած դաշմակցային հարաբերություններն, ու Կրեմլը շարունակելու է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրած քաղաքականությանը տարածաշրջանում:
Մասնավորապես՝ ըստ պաշտոնական աղբյուրների՝ հայտնի է դառնում, որ այս թեմայով բավական «խրոխտ» հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Համաձայն նախկինում ստորագրված պայմանագրերի՝ Ռուսաստանը շարունակելու է զինտեխնիկայի և սպառազինության մատակարարումը իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին»:
Կարելի է ենթադրել, որ ռուս պաշտոնյան այս կերպ արձագանքել է երեկ Երևանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած դժգոհություններին:
Ահա և ձեզ Մեդվեդևի այցի գլխավոր արդյունքը: Հետո էլ խոսում ենք գազի գների էժանացման, երկկողմ ջերմագին հարաբերությունների ու չգիտես՝ էլ ինչ պես-պես բաների մասին: Հիմա ի՞նչ գնահատական կարելի է տալ Ռոգոզինի այս հայտարարությանը, բարեկամակա՞ն. դժվար թե…