Հունվարի 26-ի ՀՀԿ խորհրդի նիստը, իրապես, պետք է հետաքրքրական իրադարձություններով լի համարել: Նիստին ընդունված որոշումները ոչ միայն ՀՀԿ-ի համար էին նշանակալից, այլև՝ պետության. բացի այն, որ, ասենք, որոշումներից մեկով ՀՀԿ խորհուրդն այլևս ունենալու է ավագների խորհուրդ՝ Գալուստ Սահակյանի նախագահությամբ, խորհրդի նիստում կայացված մեկ այլ որոշման համաձայն էլ՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ է հռչակվել վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ նրա տեղակալներ՝ Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը:
Այն, որ Կարապետյանի կուսակցական կարիերան չափազանց թռիչքաձև ստացվեց, ու դժվար թե ժամանակակից Հայաստանում գտնվի գեթ մեկ հոգի, ով կարող է պարծենալ այդօրինակ հաջողությամբ, փաստ է: Համարել, սակայն, այդ ամենը բացառապես ինքնաբուխ կամ միանգամայն բնական գործընթացներով պայմանավորված, ոչ մի կերպ չի ստացվի. այս ամենի խորքային պատճառները պետք է փնտրել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս:
Վերջին շրջանում բավական ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ հնարավոր է՝ լրջագույն հարցականի տակ դրվի Կարապետյանի քաղաքական ապագան: Որպես հիմնավորում էլ բերում էին օրենսդրական այն պահանջը, համաձայն որի՝ ցանկացած մեկն, ով հայտ է ներկայացնում՝ դառնալու կառավարության անդամ, պետք է առնվազը վերջին 5 տարիներին բնակված լինի Հայաստանում, հակառակ պարագայում՝ թեկուզ իսկական հանճար էլ լինի, չի ունենալու իրավունք՝ ՀՀ կառավարության մաս կազմելու (օրենքը, բնականաբար, տարածվում էր նաև վարչապետի պաշտոնի վրա): Իսկ այս ամենը նշանակում էր, որ Կարապետյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար քաղաքական խարդավանքներ հյուսելու կարիք՝ առանձնապես չէր զգացվելու, ու միայն համապատասխան օրենքին հղում անելը բավարար էր համարվելու՝ Կարապետյանին տուն ուղակելու համար:
Իսկ հարցը, թե ինչով կարող էր պայմանավորված լինել տոտալ հիասթափության ակնհայտ ցուցադրումն, առավել քան պարզ է. այն պայմանավորված էր թե՛ ներկուսակցական շատ կոնկրետ գործընթացների հանգուցալուծմամբ, որ անմիջապես հետևեցին Կարապետյանի նշանակմանը, թե՛ տնտեսական ակնկալիքների չարդարացումով, որ խոստանում էր Կարապետյանի նշանակումն՝ ի սկբանե:
Վարչապետի այցը Մոսկվա՝ գրեթե բոլորը միաձայն կերպով գնահատում են խիստ դրական. այդ այցը ոչ միայն վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն էր ՌԴ մայրաքաղաք, այլև, գոնե իշխանությունների կողմից՝ ամեն կերպ ներկայացվում է որպես խիստ էֆեկտիվ, ձեռք բերված արդյունքների իմաստով՝ գրեթե աննախադեպ: Իսկ նման էյֆորիայի բուն պատճառն ու առիթը Ռուսաստանից առաջիկայում սպասվող ներդրումներն են. «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Մոսկվայում ՀՀ դեսպանատանը Կարեն Կարապետյանի և հայ համայնքի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե պատրաստ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալը, ինչը պայմանավորված է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում լինելով և Հայաստանում ներդրումային միջավայրում դրական փոփոխություններով: Ավելին՝ հայտարարվեց նաև հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու մտադրության մասին: Մի խոսքով՝ իսկական հրաշք…
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը, հատկապես պայմանավորված տնտեսական համընդհանուր ճգնաժամով, վերջին տարիներին հայտնվել է գերծանր վիճակում. նույնիսկ պաշտոնական ցուցանիշներ հրապարակողներն այլևս չեն կարողանում թաքցնել անկումային իրավիճակը: Իսկ սա նշանակում է, որ հիմա առավել, քան երբևէ՝ դրսից կատարվող ներդրումների կարիք՝ Հայաստանը չափազանց շատ է զգում. անկասկած է՝ Կարապետյանի նշանակման թիվ մեկ դրդապատճառներից մեկն էլ կոնկրետ նյութական ակնկալիքներն են հանդիսացել, որոնք, սակայն, առնվազն վերջին ամիսների կտրվածքով, ըստ էության, չարդարացվեցին, ավելին՝ ոմանք հարյուրավոր միլիոնների ներդրման մասին խոսակցությունները շտապեցին որակել՝ շինծու: Ասել կուզի՝ Կարապետյանի դեմ Հայաստանում հասունացած յուրատեսակ «բունտը» պետք է նախևառաջ բացատրել համապատասխան նշանակումից ակնկալված արդյունքների բացակայությամբ:
Եվ ահա Մոսկվան, հասկանալով, որ Հայաստանում Կարապետյանի դեմ բողոքներ են հասունանում՝ հարվածի տակ դնելով նրա քաղաքական ապագան, որի հետ, ի դեպ, Կրեմլը կոնկրետ հույսեր է կապում, ազդանշաններ ուղարկեց,որ ներդրումների վերաբերյալ խոստումները դեռևս ուժի մեջ են, ու ավելորդ ջղաձիգ շարժումներ անել պետք չէ. Կարապետյանի՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում հաստատումը Երևանի արձագանքն էր՝ Մոսկովյան իրադարձություններին:
Իհարկե, հաստատապես ասել, թե այլևս Հայաստանում կատարվելիք ներդրումների թեման պետք է փակված համարել, ու շուտով Հայաստան են հոսելու երկար սպասված միլիոնները, ոչ մի կերպ չի կարելի, քանի որ Մոսկվան, զուտ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի կարող շահագրգիռ լինել Ռուսաստանից փողի արտահոսքի հարցում, սակայն առնվազն հուսալ, որ նախապես հնչած խոստումները գոնե ինչ-որ չափով իրականություն կդառնան, կարող ենք. անփոխարինելի պաշտոնյաներ չեն լինում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ