ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիոգրյանը շնորհավորանք է հղել երեխաների պաշտպանության միջազգային օրվա և պատանի երկրապահների ճամբարի սեզոնի բացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

 

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ:

 

 

Երեխաները մեր ապագան են: Մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը: Հզոր Հայաստան, բարեկեցիկ, պաշտպանված Արցախ ունենալու նպատակով' մենք, գործընկեր կառույցների հետ համատեղ, շարունակաբար պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացներ ենք կազմակերպում: Երկրապահում պատանիներն ու աղջիկները հայրենասիրական դաստիարակություն են ստանում, մեր այս կառույցով անցած երեխաները լավ մարդ, լավ մասնագետ են դառնում, դառնում են լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ երկրի, ազգի և իրենց ընտանիքների համար:

 

 

Հետաքրքիր մի զուգադիպությամբ' այս տարի Եռասերունդ Երկրապահի ճամբարում պատանի երկրապահների ուսումնամարզական վարժանքների բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է հենց հունիսի 1-ին: Շնորհավորում եմ բոլորիս ճամբարային սեզոնի բացման կապակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ այստեղ պատանի երկրապահները զուգորդելու են ամառային հանգիստը և ուսումնամարզական վարժանքները: Յուրաքանչյուր առարկայի դասավանդումն, ի դեպ, վստահված է տվյալ ոլորտի լավագույն մասնագետների: Այս հարցում մեզ լիուլի աջակցում են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, գործընկեր կառույցների' պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, կադաստրի կոմիտեի, ոստիկանության, փաստաբանների պալատի մասնագետները, ովքեր նույնպես կամավորական են, ովքեր նույնպես դասընթացներում ընդգրկվել են կամավորության սկզբունքով:

 

 

Այս տարվա ամառային վարժանքները կանցնեն 13 հերթափոխով, և ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված կլինեն մոտ 5 000 պատանի երկրապահ ՀՀ բոլոր մարզերից, Երևանի բոլոր բաժանմունքներից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, նաև՝ Սփյուռքից: Դասընթացներում ընդգրկված են նաև գործընկեր կառույցների աշխատակիցների երեխաներ, նաև՝ ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Մենք էլ այս կերպ ենք փորձում պաշտպանել երեխաների իրավունքները: Ի դեպ, ճամբարային գործընթացում պատանիների կողքին կլինեն նաև երիտասարդ երկրապահներ, ավագ սերնդի երկրապահներ, բոլոր 13 հերթափոխերում ընդգրկված անձանց ընդհանուր քանակն ավելի կլինի 6 000-ից:

 

 

Եվս անգամ շնորհավորելով մանուկներին' իրենց տոնի կապակցությամբ' բարի երթ և հաջողություններ եմ մաղթում մեր ճամբարին»: