Հայրը ցանկացել է որդուն թեկուզ կաշառքով լավ գործի տեղավորել և ընկել խարդախի ձեռքը: Լավ գործը Հայաստանում ՌԴ սահմանապահ զորամասում է եղել, որտեղ, ինչպես հայտնի է, աշխատավարձերը ՀՀ զորամասերի համեմատ բարձր են:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռաֆիկ Վերդյանը որդուն՝ Արթուր Վերդյանին ՌԴ սահմանապահ զորամասերից մեկում աշխատանքի տեղավորելու համար 2014թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, նախկինում դատված Գրիգոր Սահակյանի հետ: Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, ներկայացել է իբրև Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ- լեյտենանտ Վիկտոր Վլասովի մտերիմ և ստանձնելով «կարծեցյալ միջնորդի» դերը, խոստացել է, իբրև թե որպես կաշառք, 4000 ԱՄՆ դոլար գումար տալու դեպքում այդ գումարը փոխանցել սահմանապահ վարչության պետ Վ. Վլասովին՝ վերջինիս միջամտությամբ, իր լիազորությունների շրջանակում և պաշտոնեական դիրքն օգտագործելով, հիշյալ խնդրի լուծման կ համար:

 

 

Այնուհետև Ռ. Վերդյանը, համաձայն քր. գործի նյութերի, համաձայնելով տալ պահանջվող գումարը, նույն օրը Աբովյան քաղաքում գտնվող «Աբովյան» ԲԿ-ում անձամբ Գ. Սահակյանին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափի 1 635 000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար, վերջինս էլ, նախապես մտադրություն չունենալով գումարը որևէ անձի փոխանցելու, հակառակը' նպատակ ունենալով վերը նշված դիտավորյալ գործողություններով մոլորության մեջ գցել Ռ. Վերդյանին, ձեռք բերել նրա վստահությունն ու խաբեությամբ տիրանալ գումարին, նրանից գումարը ստանալով, հափշտակել է այն, որպեսզի պայմաններում Ռ. Վերդյանի կողմից հանցագործությունը (կաշառք տալը) ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներում:

 

 

Վերը նշված արարքի համար Ռաֆիկ Վերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 34-312-րդ հոդվածի (կաշառք տալու հանցափորձը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել նաև Գրիգոր Սահակյանին: