Հոկտեմբերի 31-ի առավոտյան ոչ մեծ ուժգնության պայթյուն է տեղի ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի մարզի վարչության շենքում: Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ծառայության երեք աշխատակից: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը պայթել է զոհվածի ձեռքում: Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08:52-ին ԱԴԾ-ի վարչության շենքի մուտքում:
«Նախնական տեղեկատվության համաձայն, շենք մտած անձը պայուսակից հանել է դեռեւս չպարզված առարկա, որը որոշ ժամանակ անց պայթել է նրա ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով նա կյանքի հետ անհամատեղելի վերքեր է ստացել»,-ասված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» եւ «Ապօրինաբար զինամթերք կրելը» հոդվածներով: Հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը շենք է մտցրել 17-ամյա տեղի բնակիչը: «Դեռահասի անձը պարզված է»,-ասված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ: Գործի հետաքննությամբ զբաղվելու է Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը:
Անվտանգության դաշնային ծառայության երեք աշխատակիցներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: