Հայաստանում վարչապետ Աբրահամյանի հայտարարած կոռուպցիայի, մենաշնորհների, կաշառակերության ու չինովնիկների ցոփությունների դեմ պայքարը հետզհետե իր կուլմինացիոն կետին է մոտենում: Իհարկե, այստեղ «կուլմինացիա» բառը հարկ է ընկալել մի փոքր հարաբերական իմաստով, քանի որ եթե անգամ խոշորացույցը ձեռքներիս ընկնենք ու այս վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարություններում փորձենք գտնել գոնե մի քանիսը, որոնք պետք է որ նպաստած լինեին Հայաստանում բոլոր վերոհիշյալ երևույթների` գոնե ինչ-որ չափով նվազմանը, ապա բացի մի քանի կրճատած «պադավատներից», ըստ էության, ոչինչ չենք կարող գտնել: Մերկապարանոց չհնչելու համար փորձենք խոսել մի այնպիսի երևույթի մասին մեր երկրում, ինչպիսին է օրինակ բենզինի մենաշնորհն է: Չնայած, ինչպես Աբրահամյանն է ասում, այս դաշտը պաշտոնապես մենաշնորհային չէ, քանի որ բացի բոլորիս հայտնի Բարսեղ Բեգլարյանից («Ֆլեշի Բարսեղ») այլոց ևս թույլատրված է զբաղվել այս բիզնեսով, բայց մենք, լինելով Հայաստանի բնակիչներ, լավ գիտենք, թե ով է ոլորտում եղանակ ստեղծողն ու մթնոլորտ ձևավորողը.իշխանությունների սիրելի Բեգլարյանն է տարիներ ի վեր մեր երկրում զբաղվում բենզինի մեծածավալ ներկրումներով:
Ցանկացած պարագայում, երբ հայտարարվում է բարեփոխումների մասին ու փորձ արվում ինչ-ինչ բաներ շտկել երկրում, որպես հիմնական նպատակ դիտարկվում է շարքային քաղաքացու` գնորդի շահն այդ ամենում: Այլ կերպ ասած' Աբրահամյանի հայտարարած մենաշնորհների դեմ պայքարը, ըստ առողջ տրամաբանության, պետք է ոչ թե հանգեցներ գների բարձրացմանը, այլ բերեր դրանց նվազմանը, ինչը, ցավոք, մենք չենք տեսնում. Հայաստանում 10 դրամով թանկացել է բենզինը: Եթե հիմա բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 380 դրամով, ապա բառացիորեն մի քանի օր առաջ այն 370 էր: Ստեղծված իրավիճակը մարազմատիկ է նաև այնքանով, որ պարզվում է' նույն Ռուսաստանում, որտեղից էլ հենց բերվում է մեր բենզինը, այն դեռ մի բան էլ 1,5%-ով էժանացել է:
Հիմա հարց' ո՞րն է այս անհեթեթ իրավիճակի պատճառը: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Բարսեղ Բեգլարանը, լցված Հովիկ Աբրահամյանի հանդեպ վրեժխնդրությամբ, որոշել է ժողովրդի «ջանից հանել» սեփական «գջիկը»'երկրում «բուռն» կերպով ընթացող բարեփոխումների հետ կապված ու քանի դեռ ժամանակ ունի, մի վերջին անգամ գերշահույթներ ստանալ բենզինի գների բարձրացումից…
Բայց ամենայն հավանականությամբ' այս ամենի բուն պատճառը մեկն է' տեսնելով Սամվել Ալեքսանյանի հաջողություններն ու այն, որ ուզում են վերջինիս մենաշնորհային դիրքը ամրագրել օրենքով, Բեգլարյանը, տարված առողջ մրցակցության հովերով, որոշել է այս կերպ իր համար ևս բարենպաստ հող նախապատրաստել'օրինականացնելու փաստացի ունեցած այն դերն ու ազդեցությունը, որի ձեռքը հասարակության մի ստվար հատված պարզապես կրակն է ընկել:
Կարծոմ ենք' նույն Արծվիկ Մինասյանը չի առարկի այս գաղափարին ու մի գեղեցիկ արևոտ օր կգումարի ասուլիս ու կհայտարարի, թե պետությունը,ելնելով բացառապես հասարակության շահերից, որոշում է ընդունում օրենքով ճանաչել բենզինի շուկայում Բեգլարյանի ունեցած մենաշնորհային դիրքն ու հաստատում, որ այսուհետ միայն նրան է թույլատրված լինելու այս գործով զբաղվել, իսկ կառավարությունն էլ հավելյալ պարտականություններ կդնի Բեգլարյանի ուսերին, որ վերջինս մի փոքր խղճով աշխատի,վերջիվերջո մի ժողովուրդ ենք, հո թուրք չենք…Համաձայնե՛ք'միանգամայն սպասելի սցենար, որի իրականացումը նույնքան հավանական է, որքան նույն Ալեքսանյանի հետ պատահածը. վերջիվերջո ինչո՞ւ պետք է միայն մեկ օլիգարխի տրվեն այդքան մեծ արտոնություններ, Բարսեղ Բեգլարյանն ինչո՞վ է պակաս նրանից…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ