ԼՂ համակարտության կարգավորման որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության հասնելուց հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը:

 

 

«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով բանակցություններին չեն մասնակցում: Սակայն այս թեմային մեծ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումների ժամանակ և Հայաստանում, և Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, բանակցությունների որոշակի փուլում, , օրինակ, շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին»,- ասել է նա:

 

 

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման թեմային՝ Պոպովը շեշտել է, որ ժամանակ առ ժամանակ թեման նետվում է լրատվական դաշտ ու ակտիվորեն առաջ մղվում քաղաքական հանրության կողմից: «Սակայն ոչ կողմերի հետ մեր «եռյակի» բանակցությունների ընթացքում, ոչ էլ մյուս միջնորդների հետ շփումներում առաջ չի քաշվել համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն: Ի վերջո, կարգավորման համաձայնություն ձեռք բերելը կախված չէ համանախագահների թվից, այլ միայն կոմպրոմիսի հասնելու՝ կողմերի պատրաստակամությունից»,- հայտարարել է ՄԽ ռուսաստանցի համանախագահը: