Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որակել է գերմանական մեդիան իբրև անազատ: Այս մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ին տված հարցազրույցի ժամանակ' անդրադառնալով նաև ռուսական մեդիադաշտում հայերի ունեցած դերակատարությանը:

 

«Գերմանիայում չկա ազատ մամուլ: Եթե ազատ է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող տարբեր պարբերականներ հակաէրդողանական գլխագրեր են դնում»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը' հակաէրդողանական գլխագրերը համարելով գերմանական մամուլի անազատության ապացույց: Չավուշօղլուն ասել է, թե Գերմանիայում ամեն բան համակարգված է, և Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ևս այդ համակարգված մոտեցման մասն է:

 

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ռուսական մեդիան մի խումբ հայերի ձեռքում է, ովքեր մեդիադաշտում առանցքային դերակատարություն ունեն: «Նրանք (հայերը- խմբ.) հատկապես ցանկանում են թունավորել ռուս ազգին՝ ընդդեմ թուրք ժողովրդի, սակայն, ինչպես երևում է, նրանք այնքան էլ չեն հաջողել»,- ասել է Չավուշօղլուն: