«Էվրիկա». վերջապես հայ ժողովրդին պատուհասած բոլոր դժբախտությունների պատճառը գտնված է. այլևս կարող ենք ազգովի հանգիստ շունչ քաշել ու գիշերները հանգիստ խղճով քնել… Կհարցնեք՝ ի՞նչ է եղել, ո՞րն է մեր նման ոգևորության բուն պատճառը: Պարզաբանում ենք՝ ավտոբուսի կմախքը: Այո՛, այո՛, ձեր աչքերը ձեզ չեն խաբում, ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿՄԱԽՔ: Ինչի՞ մասին է խոսքը, ասենք` Հայաստանում իր բուռն ընթացքն ապրող կոռուպցիայի դեմ պայքարի ու դրա անքակտելի մասնիկն հանդիսացող պետական օղակների տրամադրության տակ գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման:
Պարզվում է՝ այս առումով անգերազանցելի է հատկապես Սերգո Կարապետյանի ղեկավարության տակ գտնվող պետական կառույցի համապատասխան չինովնիկների մտքի թռիչքն, ու սրանք, ձև անելու համար, թե մեկընդմիշտ որոշել են արդար վաստակով «յոլլա գնալ» ու ձեռքի հետ էլ խնայել հարկատուներիս միջոցները, բռնել ու որոշել են կրճատել ավտոբուսի կմախք. ավտոբուսի կմախքը գտնվում է «Հայջրմուղկոյուղու» Ստեփանավանի տեղամասի տարածքում:
Այն, որ Հայաստանում հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը շատ առումներով իսկական «կլոունադա» է հիշեցնում, հանրահայտ ճշմարտության է վերածվել արդեն մի քանի շաբաթ: Այն օրվանից, երբ երկրում հայտարարվեց մենաշնորհների դեմ պայքար, իսկ դրան զուգահեռ էլ ձեռքի հետ խոսակցություններ ասպարեզ նետվեցին՝ Սամվել Ալեքսանյանին օրենքով մենաշնորհատեր ճանաչելու մասին, բոլորիս պարզ դարձավ, որ առանձնակի հույսեր հայտարարվածի հետ կապել պետք չէ, ու ինչպես ապրում էինք, այդպես էլ շարունակելու ենք գոյություններս մի կերպ քարշ տալ:
Բայց համաձայնե՛ք, որ մարազմն էլ պետք է չափ ու սահման ունենա, ինչն այս դեպքում անչափ, անսահման է: Լավ, մի՞թե Սերգո Կարապետյանն անկեղծ կարծում է, որ հայաստանյան հասարակությունն այքան հիմար է, որ պետք է ավտոբուսի կմախքի «կուտն ուտի» ու ինքն իրեն ներշնչի, թե նախարարությունն անկեղծ մղումներից ելնելով փորձում է համակարգում ինչ-որ բան փոխել… Ավելի լավ չէ՞ր լինի, եթե առհասարակ որևիցե տրանսպորտային միջոց չկրճատեին, քան փորձում են հիմարացնել մի ողջ հասարակության ու Սերգո Կարապետյանից կոռուպցիայի դեմ պայքարող անխոնջ մարտիկի կերպար ստեղծել՝ ազնիվ ու անբիծ:
Փաստ է՝ Հայաստանում կոռուպցիայի, ամենաթողության ու էլի նմանատիպ «փիս-փիս» երևույթների դեմ պայքարել ներկայիս կառավարության օրոք, անհար է, իսկ բոլոր փորձերը՝ հասարակության մոտ պայքարի կեղծ տպավորություն թողնելու, վերածվում են իսկական ֆարսի, որ կարող են լավ նյութ հանդիսանալ ասենք անեկդոտներ հորինելու ու դրանցով զանազան չինովնիկների վերաբերյալ «բոցեր անելու» համար. տեսականին շատ մեծ է…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ