Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները երկու կողմերին մոտեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ադրբեջանական Trend լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ շփման գծում իրավիճակը կմնա կայուն: Հանդիպումներն ունեն կարևոր նշանակությու և մեզ հնարավորություն են տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ կողմերը հարգանք հայտնեցին հրադադարի ռեժիմի հանդեպ, ինչպես հայտարարվել էր Վիեննայի հանդիպումից հետո:
Նախագահները նաև հավատարմություն հայտնեցին այն միջոցների ընդունմանը, որոնք ապագայում կնվազեցնեն բռնության ռիսկերը, ինչպես նաև պայմանավորվեցին վերականգնել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները»,- ասել է ամերիկացի համանախագահը: