ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլուգում անդրադարձել է երեկ ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ուելսում կայացած Քերի-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը և գրել.

 

«Ուելսում Ջոն Քերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արդյունավետ խոսակցություն ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Մենք պատրաստ ենք օգնելու»:

 

Հիշեցնենք, որ Նյուպորտում երեկ երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

 

Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

 

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

 

Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը: