Աֆղանական ուժայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 43 զինյալի: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

 

Ըստ հաղորդագրության՝ ուժայինները չեզոքացրել են 40 ահաբեկչի և վիրավորել՝ ևս 22 զինյալի աֆղանական-պակիստանյան սահմանին՝ Նանգարհար մարզում: Գազնի շրջանում, որը երկրի կենտրոնական մասում է, ոչնչացվել է ԻՊ երեք զինյալ:

 

Associated Press-ը հաղորդում է, որ ուրբաթ օրը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Նանգարհար մարզում հարձակում են իրագործել: Սպանվել է ութ մարդ՝ նրանց թվում երկու ոստիկան և երկու երեխա: Աֆղանստանի զինված ուժերի պատասխանի արդյունքում շուրջ 30 ահաբեկիչ է ոչնչացվել: Գործակալությունը նշում է, որ ԻՊ զինյալներն այրել են առնվազն 25 տուն: Պաշտպանության նախարարությունն իր զեկույցում չի մեկնաբանել մանրամասները հարձակման զոհերի մասին:

 

Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը զգալիորեն լարվել է: «Թալիբան» շարժման գրոհայինները, ավելի վաղ վերահսկողություն հաստատելով երկրի գյուղական համայնքների զգալի մասի վրա, սկսել են հարձակումներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: