Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատման հարցեր, փոխգործակցությունը միջազգային հարթակում»,- ասել է Զախարովան:
ԱԳՆ ղեկավարները նաև կքննարկեն «ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայությունը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին»:
Մոսկվան «հույս ունի, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կլինի բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում»:
Զախարովան նաև հայտնել է, որ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները հունիսի 29-ին Փարիզում բանակցությունների ընթացքում կքննարկեն հետագա քայլերը, որոնք Ռուսաստանը և Ֆրանսիան պետք է համաձայնեցնեն՝ որպես ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, հաշվի առնելով մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: