Թայվանի ռազմածովային ուժերը սխալմամբ գերձայնային հրթիռ են բաց թողել Չինաստանի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռն ընկել է Պենհու կղզու մոտակայքում՝ դիպչելով ձկնորսական նավակի։
«Դեպքը տեղի է ունեցել սարքավորման թեստավորման ընթացքում, երբ նավը կառանած է եղել Գաոսյունում գտնվող բազայում, և սխալի արդյունքում բաց թողնված հրթիռը նավակի է դիպչել»,- նշել է Թայվանի ՌԾՈՒ ներկայացուցիչ Մեյ Ցզյաշուն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ սխալը տեղի է ունեցել համակարգի խափանման արդյունքում, ընթանում է հետաքննություն։