Թուրքական ոստիկանությունը հաստատել է երկու ահաբեկիչների ինքնությունը, ովքեր պայթեցրել են իրենց Աթաթուրքի օդանավակայանում, հաղորդում է Daily Mail-ը: Քննիչները հայտնաբերել են ռուսական անձնագրեր՝ Ռաքիմ Բուլգարովի և Վաիդմ Օսմանովի անունով: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ահաբեկչական հարձակման ժամանակ մահապարտները պատրաստվում էին պատանդներ վերցնել:
Ոստիկանները դուրս են եկել Օսմանովի և Բուլգարովի հետքի վրա, ովքեր բնակարան էին վարձակալում Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում: Տնից ոչ հեռու, որը վարձակալում էին հարձակվողները, իրավապահները աղբարկղում գտել են նոթբուք, որը վնասված էր: Իշխանությունները փորձում են սարքից տեղեկատվություն հանել:
Որպես ահաբեկչության հնարավոր կազմակերպիչ է համարվում չեչեն գրոհային Ահմեդ Չատաևը՝ «մեկ ձեռքանի» մականունով: Ենթադրվում է, որ հենց նա է կանգնած պայթյունների հետևում, որոնք այս տարի տեղի են ունեցել քաղաքի տուրիստական և առևտրային կենտրոններում:
Կասկածյալների թվում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից, կան Դաղստանի, Չեչնիայի և Ադրբեջանի բնակիչներ: Ինչպես նշում է պարբերականը, ակնհայտ է, որ Անկարան հույս ունի արտաքսել մի քանի կալանավորների մոտ ժամանակներս: