«Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բաց նամակով կրկին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին' Կ. Պոլսի Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի վրդովեցուցիչ և ազգուրաց քայլը հրապարակավ և խստագույնս դատապարտելու կոչով: Նամակում մասնավորապես նշված է.
«Վեհափառ Տեր,
«Կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներս և մեր նախաձեռնության հետևորդները շնորհակալ ենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգում ներգրավել ու քննարկել եք մեր կողմից բարձրացված Արամ Աթեշյանին վերաբերող հարցը: Միաժամանակ հայտնում ենք մեր խորը հիասթափությունը. ԳՀԽ–ը փոխանակ Աթեշյանի սրբապիղծ արարքը խստորեն դատապարտի, պատժի, բավարարվել է զգուշավորության հորդորով (ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների) և անհասկանալի, պարտակող կեցվածք ընդունել։
Չէ՞ որ տեղի ունեցածը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր նահատակների անմահ հիշատակի պղծումն է, ուրացումը մեր անթաղ 1,5 միլիոն զոհերի նահատակության... Սա չի՛ կարող ինչ–ինչ բարոյախրատական հորդորներով կամ զգուշավորության կոչերով լուծվել, ո՛չ, ամենևին...։ Գտնում ենք, որ ԳՀԽ–ի նման անհասկանալի կեցվածքը կարող է հայության բարեպաշտ ու եկեղեցասեր հատվածի մոտ Մայր Աթոռի դերի և նշանակության հանդեպ անտեղի տարակուսանք առաջացնել, ուստի և մեր պարտքն ենք համարում կրկին անգամ դիմել Ձեզ' Կ. Պոլսի Պատրիարքական փոխանորդի վրդովեցուցիչ և ազգուրաց քայլը հրապարակավ և խստագույնս դատապարտելու կոչով։
Աթեշյանի գործունեությունը կախակայելու պահանջի արդարացիությունը պահանջում է, որպեսզի մեր վճռական պայքարը շարունակենք մինչև աշնանը տեղի ունենալիք Եպիսկոպոսաց ժողովը: Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովականների' Աթեշյանի պիղծ արարքն հանդուրժելը, ոչ ավել, ոչ էլ պակաս, նշանակում է նժարի մյուս կողմում դրված' սրբադասված մեր 1,5 միլիոն զոհերի հիշատակն անարգել։ Հանուն քրիստոնեական հավատքի դարեր շարունակ սեփական կյանքը չխնայած և շարունակ մորթված հայ ժողովրդի սրբերին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին չի կարող նսեմացնել։
Բոլորովին ուշ չի՝ էլ ավելի բազմակողմանիորեն և ամենայն լրջությամբ քննարկել Աթեշյանի արգահատելի պահվածքը և նրան ցկյանս զրկել ազգի անունից ազգին վարկաբեկելու և անարգելու հնարավորությունից' կախակայելով նրա գործունեությունը:
Հավատացած ենք, որ բոլորիս' սկզբունքային կեցվածք դրսևորելու դեպքում է, որ ազգուրաց սրբապիղծն իրեն արժանի պատիժը կստանա, և որ իր շարքերից նման հոգևորականներին հեռացնելու գնով միմիայն' Մայր Աթոռը կկարողանա իր հանդեպ խարխլվելու վտանգ ներկայացնող սերն ու հարգանքը վերահաստատել»։