Թուրքիայի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի օդաչուին Քեմերում բնակարան առաջարկած թուրք քաղաքապետ Մուստաֆա Գյուլը հրաժարական է տվել «Ազգայնական շարժում» կուսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Գյուլից բացի կուսակցությունից հեռացել են քաղաքային խորհրդի անդամներ և Քեմերի գործադիր մարմնի աշխատակիցներ' ընդհանուր առմամբ 70 մարդ:

 

Քեմերի քաղաքապետը նշել է, որ բնակարան առաջարկելով' իրենք նպատակ են ունեցել միայն զարգացնել տուրիզմն այդ շրջանում: «Երբ տեղեկացա, որ նախագահներ Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունենալու, մտածեցի, թե ինչպես կարող եմ նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Քաղաքացիական կազմակերպությունների հետ մտածեցինք տուն տրամադրել սպանված ռուս օդաչուի ընտանիքին»,- նշել է Գյուլը' ընդգծելով, որ նման որոշում կայացրել է ոչ թե որպես քաղաքապետ, այլ իբրև հյուրանոցի սեփականատեր: «Ազգայնական շարժում» կուսակցությունը մեզ սխալ է հասկացել»,- նշել է Քեմերի քաղաքապետը' հայտնելով, որ կուսակցությունից դուրս գալու մասին:

 

Թուրքական Անթալիայի Քեմեր հանգստավայրի քաղաքապետ Մուստաֆա Գյուլը հանդես էր եկել ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին բնակարան նվիրելու առաջարկով: Մուստաֆա Գյուլի կարծիքով' իրենց այդ առաջարկը «կօգնի Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնմանը»: Օդաչուի ընտանիքը, սակայն, հրաժարվել էր որևէ փոխհատուցում ընդունելուց: օդաչուի եղբայր Պավել Պեշկովը հայտնել էր, որ այդ առաջարկն ուղղակի անհեթեթություն է:

 

Գյուլի հայտարարությունից հետո «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ Մուստաֆա Գյուլին կուսակցության շարքերից հեռացնելու նպատակով դիմել են էթիկայի հանձնաժողովին: Մասնավորապես, Բահչելին զայրացել էր այն փաստի վրա, որ Քեմերի քաղաքապետը ցանկանում է պարգևատրել «թուրքմենների մարդասպանին»: «Այս պահից սկսած Քեմերի քաղաքապետը ո րևէ բարոյական և մարդկային կապ չունի մեզ հետ»,- ասել էր նա: