«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման «Նստիր և լռիր» թողարկումը բավականին խնդրահարույց է եղել: Հաղորդման հյուրը` Լուսինե Վարդանյանը, պատմել է, թե ինչ անախորժությունների մեջ է ընկել, երբ ամուսնացել է ոմն Գագիկ Պողոսյանի հետ: Նրա խոսքով` սկեսուրը՝ Գրետա Պողոսյանն, ի չիք է դարձրել նրա բոլոր երազանքները, հայտարարելով, որ վերջինս երբեք չհամարձակվի երեխա ունենալ։

 

Լուսինեն պատմում է, որ երեք ամսական հղի վիճակում պարզապես դուրս են շպրտել իրեն ամուսնու տանից, և ինքը ստիպված վերադարձել է հայրական տուն։ 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում` Լուսինեի տալը` Մարգարիտա Պողոսյանն ասաց, որ հաղորդման ընթացքում հնչած որոշ արտահայտությունների պատճառով դատի է տալու «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդմանը և փորձագետներին: Նա նաև ասաց, որ իր եղբայրը չի ցանկացել մասնակցել այդ հաղորդմանը և իրենց անձնական կյանքը հանրայնացրել, բայց առանց իր իմացության՝ լրագրողը ձայնագրել է Գագիկ Պողոսյանի հետ հեռախոսազանգը և հնչեցրել եթերում, այն էլ ոչ ամբողջությամբ, ավելին` նրանք նաև հրապարակել են նրա լուսանկարը:

 

Մարգարիտա Պողոսյանի խոսքով` վիրավորական արտահայտություններ են հնչեցրել փորձագետները' սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ Նարե Արամյանը:

 

Մարգարիտան վիրավորանք է ընդունել հատկապես հաղորդման ընթացքում Նարե Արամյանի հնչեցրած խոսքը. «Էնպես կուզեի, որ այդ տղան և իր մայրը միաժամանակ հղիանային»: 

 

«Խորհուրդ կտամ Դուք և Ձեր մայրը հղիանաք միաժամանակ կամ եղբայրը, դա Ձեզ կարող է հանգստացնել, ես կոռեկտ կգտնվեմ և բառեր չեմ շռայլի, ասեմ ավելին' Ձեր գռեհկությունը հարիր է Ձեզ, ընդգծում է Ձեր կանացիությունը: Եթե Ձեզ թվում է՝ կարող եք վիրավորել և մարսել, սխալվում եք»,- ասում է Մարգարիտան` ի պատասխան Նարե Արամյանին:

 

Բժիշկ Վրեժ Շահրամանյանն էլ ասել է. «Ես կմաղթեմ, որպես բժիշկ, որ Դուք երբևիցե հայրական ջերմություն չապրեք ու հոր բերկրանք չզգաք, որովհետև Դուք դրա իրավունքը չունեք և երկրորդը՝ Դուք Ձեր «մայր» կոչվածի, որը չգիտեմ՝ ինչ պայմաններում է Ձեզ դաստիարակել և լույս աշխարհ բերել՝ կմաղթեմ, որ նա թոռան ջերմություն չտեսնի և չզգա, այսքանը»:

 

Այս խոսքերը ևս վիրավորական է համարում Մարգարիտա Պողոսյանը. «Եթե Դուք կայանալու խնդիր ունեք՝ փորձեք, միգուցե ստացվի, բայց դա մի արեք ուրիշների վրա ցեխ շպրտելով, ցանկացած ծնող սրբություն է, առավել ևս Ձեր նման երիտասարդների համար: Բայց Դուք դա մինչ օրս չեք հասկացել, ի հեճուկս Ձեզ՝ մայրս՝ Գրետա Սարգսյանը, վայելում է իր ընտանիքի, որդիների և թոռնիկների ջերմությունը, ի դեպ, նա ունի երեք թոռնիկ և վայելում է նրանց բերկրանքը, և Ձեր ասած անեծքը, որը ես անեծք եմ համարում, չի համապատասխանում իր անձին»-ասում է Մարգարիտան և հավելում.

 

«Մեկը լինի Ձեր մասին կարծիք կազմի, եթե Դուք չեք կարողանում Ձեզ կոռեկտ պահել, ապա ուրիշներին խորհուրդ մի տվեք: Միթե Ձեզ թվում է՝ իմ անձնական կյանքը պետք է դարձնեմ հանրության սեփականությունը, թող դա անի այնպիսի մարդ, ով իրեն հարգել չգիտի: Դա իրենց որոշումն է, մենք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները և արժանապատվությունը:

 

Այդտեղ հնչեցրած ցանկացած տառ, բառ ստի ու կեղծիքի վրա է եղել, ու ես ամեն քայլ ձեռնարկելու եմ, որպեսզի մեր իրավունքները ոտնահարող, մեզ բարոյական վնաս հասցրած ամեն մի անհատ յուրովի պատժվի»:

 

 

Նելլի Ավետիսյան