ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) ս. թ. հուլիսի 12-ին հայտնեց, որ նույն օրը ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում (էպիկենտրոնը' Վրաստանի տարածքում):

 

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներ ներկայացվեցին հյուսիսային լայնության 41.20 աստիճանը և արևելյան երկայնության 43.92 աստիճանը (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք): Տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում նույն օրը, ժամը 16:35-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է նաև.
«Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

Ժամը 14.16-ին նույն տեղում գրանցվել է ավելի թույլ՝ 3.5 մագնիտուդով հետցնցում»:
Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանում, Գյումրիից 65 կմ հյուսիս, Թբիլիսիից 78 կմ հարավ-արևմուտք, Ծալկայից 26 կմ հարավ: 4.8 մագնիտուդով երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է երկրակեղևից մեկ կիլոմետր խորության տակ: Տեղական ժամանակով 14:14:03-ին գրանցված երկրաշարժը վերը նշված բնակավայրերից բացի, զգացել են նաև Գյումրիի, Գավառի, Սևանի, Երևանի որոշ հատվածների բնակիչները:

 

Այս տեղեկությունները կարդացող շարքային ընթերցողները նկատելով երկրաշարժի հիպոկենտրոնի խորության վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալների (համապատասխանաբար' 10 կմ և 1 կմ) հակասականությունը, հավանաբար չեն կողմնորոշվի, թե դրանցից ո՞րն է համապատասխանում իրականությանը: Սակայն, մասնագետների համար միանգամից ակնհայտ է, որ դրանցից իրականությանը համապատասխանում է վերջինը: Ասինքն' երկրի մակերևույթից երկրաշարժի հիպոկենտրոնի խորությունը իրականում ընդամենը 1 կիլոմետր է եղել, այն մակերևույթին մոտ կամ շատ մոտ է եղել, քանի որ 10 կմ խորության վրա երկրաշարժի ներքնակենտրոնի (հիպոկենտրոնի) գտնվելու պարագայում, ընդամենը 4.7 կամ թեկուզ 4.8 մագնիտուդի էներգիա ունեցող երկրաշարժը երկրի մակերևույթին չէր կարող արտահայտվել 6-7 բալով:

 

Այնուամենայնիվ, ինչպես ակնհայտ է, ՍՊԱԾ ներկայացրած, հիշյալ նախարարության հրապարակած տեղեկատվության մեջ բավական որոշակի տվյալներ կան, սակայն բնակչությանը հասկանալի պատճառներով առավել հետաքրքրողը ոչ թե տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ տվյալներն են, այլ այն, թե տվյալ երկրաշարժը կանխատեսվե՞լ էր արդյոք, նշված և ավելի մեծ մագնիտուդի երկրաշարժերի կանխատեսումը հնարավո՞ր է…

 

Երկրաշարժի կանխատեսումը, սակայն, շատ բարդ խնդիր է, աշխարհի որևէ սեյսմոլոգիական ծառայություն (այդ թվում նաև' Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի) դեռ չի կարողանում կատարել երկրաշարժերի ստույգ կանխատեսում, այսինքն' երկրաշարժից առաջ կանխատեսել դրա ստույգ տեղը, ժամը կամ օրը և ուժգնությունը: Լավագույն դեպքում տեղը, ժամանակը և ուժգնությունը հաջողվում է կանխատեսել մոտավոր կեպով, երբեմն իրականին բավական մոտ: Կան երկրաշարժերի կանխատեսման առանձին հաջողված դեպքեր, սակայն դրանք, ցավոք, չեն վերածվում օրինաչափության: 1992 թվականին, երբ ՍՊԱԾ-ի ղեկավարը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հիշյալ ծառայության հիմնադիր-տնօրեն Սերգեյ Բալասանյանն էր, մերոնք կարողացել էին բավական հաջողությամբ (իրականին բավական մոտ ցուցանիշներով) կանխատեսել Իրանում սպասվող երկրաշարժը, որը համար հետագայում իրանական կողմը մեր մասնագետներին շնորհակալություն հայտնեց: Սակայն դրանից հետո, որքան ինձ հայտնի է, ՍՊԱԾ-ին չի հաջողվել կատարել երկրաշարժի թեկուզ այդպիսի կանխատեսում: Ընդ որում, կա այսպիսի մի օրինաչափություն. հազվագյուտ դեպքերում իրականին մոտ ցուցանիշներով հաջողվում է կանխատեսել միայն կործանարար, ավերիչ և ուժեղ երկրաշարժերը, թույլ և միջին (մեր տարածաշրջանի դեպքում' մինչև 7 բալ) ուժգնության երկրաշարժերը, որոնք, ի դեպ, ավելի հաճախ են լինում, չեն կանխատեսվում, դրանց կանխատեսումից ներկայիս գիտությունն ու տեխնիկան դեռ շատ հեռու են, բացի այդ, թույլ, թերևս նաև միջին ուժգնության երկրաշարժերի կանխատեսմամբ զբաղվելն իմաստ չունի:

 

Սակայն, Վրաստանի տարածքում, Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում հուլիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժը վերնակենտրոնում (էպիկենտրոնում) լինելով հազիվ ուժեղ (եթե ուժգնությունը 7 բալ է եղել) կամ նույնիսկ ուժեղին մոտ, միջին ուժգնության երկրաշարժ (6 բալ), որքան էլ զարմանալի է, իրականությանը բավական մոտ կանխատեսվել է վրաց սեյսմոլոգների կողմից: Երկրաշարժից դեռ մեկ շաբաթ առաջ վրացի մի քանի բլոգերներ, հուլիսի 5-ին Surlur.ru կայքի փոխանցման համաձայն, լուրեր են տարածել, որ հուլիսի 14-ին հայ-վրացական սահմանի մոտ երկրաշարժ է սպասվում: Ինչպես հայտնի է, երկրաշարժը տեղի ունեցավ հենց հայ-վրացական սահմանի մոտ (բլոգերները չէին նշել միայն, որ այն պետք է տեղի ունենա Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), կանխատեսվածից ընդամենը 2 օր շուտ: Ինչ վերաբերում է դրա ուժգնությանը, ապա թեև այդ մասին կայքը որևէ տեղեկություն չի փոխանցել, սակայն քանի որ բլոգերները ամեն օր կամ ամեն ամիս չէ, որ գրում են կանխատեսվող երկրաշարժի մասին, ապա միանգամայն ենթադրելի է, որ նրանք նկատի են ունեցել ոչ թե թույլ կամ միջին ուժգնության, այլ ուժեղ կամ ավերիչ երկրաշարժը, որը տեղիք է տվել նրանց անհանգստության: Ինչպես նշեցի, մեր տարածաշրջանում ուժեղ երկրաշարժ համարվում են 7 և ավելի բալ ունեցող երկրաշարժերը: Փաստորեն ուժգնության առումով ևս հիշյալ կանխատեսումը ճիշտ է կամ մոտ է իրականությանը, եթե երկրաշարժը Վրաստանի տարածքում եղել է միջին ուժգնության (էպիկենտրոնում 6 բալ): Միաժամանակ հասկանալի է նաև, որ վրաց բլոգերները նոստրադամուսներ կամ վանգաներ չեն, և նրանց հրապարակած տեղեկատվության աղբյուրը վրաց սեյսմոլոգներն են կամ Վրաստանի սեյսմոլոգիական ծառայությունը:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանն այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ «ուժեղ երկրաշարժ» հասկացությունը խիստ հարաբերական է, կան միջազգային չափանիշներ, թե որը համարել ուժեղ երկրաշարժ: Նրա տեղեկացմամբ, մեր տարածքի համար ուժեղ համարվում են 5.5-ից բարձր մագնիտուդի կամ 7 բալ և ավելի ինտենսիվության (ուժգնության) երկրաշարժերը զուտ այն պատճառով, որ նույնիսկ այդ կարգի երկրաշարժերը մեր տարածքում կարող են ավերածությունների պատճառ դառնալ:

 

Եվ հիշյալ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը, և նրա տեղակալ Աշխեն Թովմասյանը վրաց սեյսմոլոգների այս կանխատեսմանը և նշված հրապարակմանն անտեղյակ էին, վերջինս նույնիսկ անհնար համարեց 4.7 մագնիտուդով երկրաշարժի կանխատեսումը, սակայն փաստը մնում է փաստ: Միաժամանակ, որքան հասկանալի է արդեն, Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի և, ընդհանրապես, ՍՊԾ գործակալության դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժնի ձեռք բերած տվյալները բավարար չեն եղել նման կանխատեսում կատարելու համար, կամ էլ կանխատեսումը կատարվել է, բայց այդ մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, տեղեկատվության նույնիսկ ոչ պաշտոնական հոսք չի եղել: Թե Բավրայի մոտ տեղի ունեցած երկրաշարժից առաջ ի՞նչ տվյալներ են գրանցել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ընդգետնյա ռադոնի և մագնիսաչափական դիտակայանները, այստեղ տեղադրված 375 մ երկարությամբ աշխարհում բացառիկ և անցյալ տարվա աշնանն արդիականացված դեֆորմոգրաֆը, կփորձենք պարզել առաջիկայում:

 


Արթուր Հովհաննիսյան