Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, ասել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը մեգաերկրաշարժի ականատես կլինի։
SSGEOS (Solar System Geometry Survey) գիտական ինստիտուտի հրապարակած զեկույցում, որտեղ աշխատում է Հուգերբիթսը, ասվում է, որ մոլորակների մոտեցումը մարտի 2-ին և 5-ին կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության մարտի 3-7-ն ընկած ժամանակահատվածում։
Հնարավոր են ցնցումներ մոլորակի 12 կետերում, իսկ դրանց ուժգնությունը կլինի 8,5 և ավելի բալ։
Թվարկված են նաև այն շրջանները, որոնք ընկած են, այսպես կոչված, կարմիր գոտում։ Դրանք են Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պորտուգալիան, Հունաստանը, Պակիստանը և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Ցուցակում է նաև Ռուսաստանը՝ ավերիչ երկրաշարժը կարող է հարվածել Կուրիլյան կղզիներին։
«Չեմ չափազանցում, չեմ փորձում վախ տարածել, սա ընդամենը նախազգուշացում է»,- ասել է գիտնականը։