armnoc.am Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականի փայլուն ելույթը սկիզբ դրեց երկրում մարզաձևի վերելքին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից մշակված ծրագրով ստեղծվեց բասկետբոլային ակումբ, որը անվանվեց «Ուրարտու» և մասնակցության հայտ ներկայացվեծց Ռուսաստանի «Սուպերլիգա»:
ՀԱՕԿ լրատվականը հետաքրքրվեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանից, թե գործընթացային ի՞նչ փուլում է գտնվում հայկական ակումբի՝ ռուսական լիգայում մասնակցելու հարցը:
«Մենք Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիային «Սուպերլիգա»-ին մասնակցելու հայտ ենք ներկայացրել: Վերջինս ընդունել էայն, սակայն մեր մասնակցությունը այդ առաջնությանը կախված է միմիայն ակումբների համաձայնությունից: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ ռուսական մեդիայում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը և մեր ակումբը «Սուպերլիգայի» դե յուրե մասնակից է, սխալ են: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ճշտում մտցնել. մեր մասնակցությունը կախած է ակումբների որոշումից, Ռուսաստանի ֆեդերացիան և նրա ղեկավարությունը չեն, որ որոշում են մեր մասնակցության հարցը: Այժմ մենք սպասում ենք ակումբների պատասխանին»,- ասաց Պողոսյանը:
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմը կմարզի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը: