ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացնում է, որ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրն ընթացքի մեջ է, որի իրականացման համար յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա: Միևնույն ժամանակ նախարարը նշում է, որ Հայաստանում հաստատված սիրիահայերն իրենք պետք է որոշում կայանցնեն' ցանկանո՞ւմ են ունենալ բնակարան այդ թաղամասում. դրանից է էլ կախված է կառուցումը:
«Բոլորի դիմումները կան, առկա է նաև այն գումարի չափը, որ իրենք պարտավորվում են վճարել, որպեսզի սկսվի բնակարանաշինությունը: Բայց քանի դեռ մարդիկ վերջնական որոշում չեն կայացրել, ես նրանց փոխարեն չեմ կարող որոշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարարը: Անդրադառնալով գործարար Հրանտ Վարդանյանի նվիրատվությանը' Հրանուշ Հակոբյանը նշեց, որ գումարի տնօրինումը հանձնված է «Սիրիայերի հիմնախնդիրները համակարգող մարմին» հասարակական կազմակերպությանը, որի ստեղծման նպատակն էր սիրիահայերին ուղղված ծրագրերի իրականացումը:
«Այն ընթացում, երբ ծրագրվում էր «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, ինձ զանգահարեց վաղամեռիկ, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, առաջարկեց 100 հազար դոլար' ասելով, որ ցանկացած ծրագրի համար է, որը մենք նպատակահարմար կգտնենք, ես էլ առաջարկեցի «Նոր Հալեպ» ծրագրին ուղղել, քանի որ գումարը խոշոր էր: Հաշվի համարները բացվել են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող մարմին» ՀԿ-ի կողմից, հանգանակվում են այնտեղ, գումարների տերն այդ ՀԿ-ն է, որն էլ պետք է տնօրինի այդ գումարները: 100 հազարի կարգի էլ հանգանակել ենք այլ տեղերից:
Ես ուրախ եմ, որ լրատվական աշխարհում այդպիսի մեծ աղմուկ և ոգևորություն կա, որ իրենք մտահոգված են այդ ծրագրով: Հարց եմ տալիս այդ մտահոգվողներին' յուրաքանչյուրից երկու դոլար էի խնդրում, որպեսզի ծրագիրն իրականություն դառնա: Եթե 10 միլիոն հայերից ամեն մեկը երկու դոլար նվիրաբերեր, այդ ծրագիրը սկսած կլինեինք: Ավելորդ խոսակցություններից առաջ պետք է մասնակցություն ունենալ ծրագրին, գնալ ու տեսնել, որ գումարները տեղում են:
Այդ գումարներով պետք է կարողանանք «Նոր Հալեպ» ծրագիրն առաջ տանել ու որքան շատ գումար հավաքենք, այնքան սիրիահայերը քիչ գումար կվճարեն իրենց բնակարանների կառուցման համար»,- հավելեց նախարարը:
Հրանուշ Հակոբյանի խոսքով' հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերն այսօր 12 հազար են, որոնց հոգսերն ու հարցրերը պետությունն ի դեմ սփյուռքի նախարարության փորձում է լուծել: «Հուլիսի 18-ին էլ որոշում կայացվեց վարորդական իրավունքների ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
Կառավարության տարբեր որոշումներ և օրենքներ փոխելով' մենք փորձում ենք սիրիահայերի համար շատ ավելի մատչելի և դյուրին դարձնել կյանքը Հայաստանում: Ինչ վերաբերում է բարեգործություններին, օգնություններին, որի կարիքը սիրիահայերը շատ ունեն , որպեսզի նախարարությունը չմասնակցի ու չդառնա այդ օգնության բաժանողը, ստեղծվեց «Սիրիահայերի հիմնահարցերը կարգավորող մարմին» ՀԿ-ն, քանի որ մենք որքան էլ փորձեինք ճշտել, թե սիրիահայերից ով է կարիքավոր, ով ոչ, իրենք մեզանից ավելի լավ գիտեն: Մենք այդ առաքելությունը պատվիրակեցինք նշյալ հասարակական կազմակերպությանը»,-ասաց նախարարը:
Սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը պատրաստ է: Բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կացարանային պայմանների խնդիրը: «Նոր Հալեպ» թաղամասը գտնվելու է Աշտարակ քաղաքում' Աշտարակից Էջմիածին տանող մայրուղուն մոտ: Թաղամասը բաղկացած կլինի երկու բնակելի և ակումբային շենքերից. ակումբը պետք է ծառայի մշակութային և առողջապահական կյանքն ապահովելու համար:
Բնկարանային համալիը կունենա լողավազան, մարզասրահ, թենիսի և բասկետբոլի մարզադաշտեր, մանկապարտեզ, եթե պետք լինի' նաև դպրոց: Գետնահարկում կտրամադրվեն փակ ավոտկանգառներ, որտեղից կարելի կլինի բարձրանալ բնակարաններ: Մոտավոր հաշվարկներով' «Նոր Հալեպ» թաղամասում մեկ քառակուսի մետր մակերեսի արժեքը ամբողջությամբ պատրաստ բնակարանի համար կարժենա 500-550 դոլար, առանց հարդարման' 350-400 դոլար: