Գերմանիայի Անսբախ քաղաքում հզոր պայթյուն է եղել, մեկ ահաբեկիչ է զոհվել, 12 մարդ էլ վնասվածքներ ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Զոհվածը 27-ամյա սիրիացի էր, որը առաջ բազմիցս հայտնվել էր ոստիկանության տեսադաշտում:

 

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:00-ին Անսբախի կենտրոնում՝ ռեստորաններից մեկում: Հանգստյան օրերին քաղաքում երաժշտական փառատոն էր անցնում, որի այցելուներն էլ ըստ երեւույթին հարձակման թիրախն էին:

 

Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել էին, որ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը, սակայն ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչություն է եղել:

 

Բավարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, 12-ն էլ՝ վիրավորվել:

 

Հիմա բոլոր տուժածները հիվանդանոցում են: Երեքի վիճակը ծանր է:

 

Ոստիկանների տվյալներով պայթյունը հենց զոհված ահաբեկիչն է կազմակերպել:

 

Նրա անձը գրեթե միանգամից պարզել են: Նա 27-ամյա սիրիացի է:

 

«Մեկ տարի առաջ նրան մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բավարիայի ՆԳՆ ղեկավար Իոհան Խերմաննան, որի խոսքերը մեջբերում է Nordbayer.de–ն

 

Տղամարդը բազմիցս եղել է ուշադրության կենտրոնում՝ ինքնասպանության երկու փորձից հետո նրան հիվանդանոց էին պառկեցրել:

 

Ոստիկանությունը չի բացառում, որ ահաբեկիչը կարող էր ծայրահեղական խմբավորումների անդամ լինել, բայց առայժմ այս տեղեկությունը հաստատված չէ: Սիրիացու հնարավոր հանցակիցների մասին նույնպես տեղեկություններ չկան:

 

«Մենք հայտնաբերել ենք նրա բջջային հեռախոսը: Այն հիմա վերծանում են: Մի քանի ժամից ամեն ինչ կպարզվի»,- ասել է Նյուրնբերգ քաղաքի ոստիկանապետի տեղակալ Ռոման Ֆերթինգերը: