ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2016 թվականի հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով ստացվել է բանավոր եւ գրավոր 114 հաղորդում:

 

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն եւ չվերադարձնելուն, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն եւ բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:

 

Նշված հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ:

 

Ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություններ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, բժշկական հաստատություններ եւ այլն:

 

Մեր կողմից արձանագրված դեպքերի, ձեռնարկված միջոցների մասին ուշ կներկայացվեն համապատասխան գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկներ: