ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդության արդյունքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից վերջին պատանդներին ազատ արձակելուց հետո, հիշյալ խմբավորման, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և այլոց հայտնած, հրապարակած տեղեկությունների համաձայն, իրավապահները դադարեցրել են «Սասնա ծռեր»-ին սննդամթերքի, ջրի, դեղորայքի մատակարարումը: Այս հանգամանքը, ինչպես հայտնի է, հասարակական հուզումների տեղիք է տվել:


Սննդամթերքի, ջրի և դեղորայքի մատակարարման դադարեցման վերաբերյալ իրավապահների պարզաբանումը դեռ չկա, սակայն կարելի է ենթադրել, որ դրա նպատակը զինյալ խմբի անդամներին ստիպելն է, որ հանձնվեն, կամ էլ ջրազրկությամբ, սովահարությամբ հյուծման այնպիսի վիճակի հասցնելը, որ նրանք այլևս անկարող լինեն դիմադրել: Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է ասել, որ այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունը խառնել է այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի բոլոր հաշվարկները կամ երկար ժամանակով հետաձգել նրանց հիշյալ ակնկալության իրականություն դառնալը:


«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն այսօր առավոտյան, ինչպես արդեն հայտնի է, հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես նշված է.
«Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի' Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:


ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այս տեղեկությունը ժամը նույնիսկ 19-ի դրությամբ չի հերքել: Պարզ է, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման հաղորդագրության մեջ առկա վերը մեջբերված տեղեկատվությունը չհամապատասխաներ իրականությանը, ոստիկանությունը կշտապեր հերքել այն, այն արդեն հերքված կլիներ:


Իսկ հիմա փորձենք հաշվարկել, թե ոստիկանական արգելապատնեշը ճեղքած ավտոմեքենայով քանի՞ կիլոգրամ սննդամթերք հնարավոր կլիներ տեղափոխել և այն քանի օր կարող է բավականացնել զինյալներին: Թեև հիշյալ ավտոմեքենայի մարդատար կամ բեռնատար լինելու, ինչպես նաև մակնիշի վերաբերյալ կողմերից որևէ մեկը տեղեկատվություն չի հրապարակել, սակայն պարզ է, որ այդ ավտոմեքենան «Զապորոժեց» չի եղել:

Եթե այն նույնիսկ եղել է ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենա, ապա, վարորդին չհաշված, առնվազն 320 կգ բեռ կարող է տեղափոխել մեքենայի սրահում, և մոտ 300 կգ բեռ' բեռնախցիկում: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ ոստկանության ՊՊԾ գնդի տարածքում այժմ 29-30 մարդ կա (ներառյալ' Արթուր Սարգսյանը), և նրանցից յուրաքանչյուրն օրական 1 կգ սննդամթերքով ու ջրով կկարողանա պահպանել իր կենսագործունեությունը, չհյուծվել հանձնվելու կամ դիմադրություն ցուցաբերելու անկարողության աստիճանի, ապա պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նրանք դեռ շուրջ 20 օր կկարողանան մնալ պաշարված վիճակում: Իսկ եթե ավտոմեքենան բեռնատար է եղել, ապա արդեն կարելի է պատկերացնել, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներն այնտեղ առանց սննդի ու ջրի հետագա մատակարարման կարող են մնալ թերևս մինչև Նոր տարի, եթե, իհարկե, Արթուր Սարգսյանի կողմից ընտրվել են ճիշտ սննդատեսակներ և սննդամթերքի ու ջրի ճիշտ հարաբերակցություն:


Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ոստիկաններից մեկն այսօր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին փոխանցել է, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սննդի հարցը ոստիկանությունն արդեն լուծել է: Եթե դա իրոք այդպես է, ապա նշանակում է, որ իրավապահները հրաժարվել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սնունդ չմատակարարելու և այլոց կողմից մատակարարումն արգելելու միջոցով ծնկի բերելու մտադրությունից:

Արթուր Հովհաննիսյան