«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դիմում-պահանջ է հրապարակել՝ ուղղված Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին և ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

 

Ինեսսա Պետրոսյանի դիմում-պահանջի մեջ մասնավորապես ասված է.

 

«27.07.2016 թ. կեսգիշերին ՊՊԾ գնդի տարածքում իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածք: Նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, և կատարվել է վիրահատություն: Վիրահատությունից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, և «Էրեբունի» ԲԿ-ի Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը հայտնել է, որ իմ պաշտպանյալի վիճակը գնահատվում է ծանր և վերջինս գտնվում է արհեստական շնչառության պայմաններում:

 

Նույն օրը Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև' նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վիրահատությունից 1 օր չանցած' իմ պաշտպանյալ Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր, պատգարակով տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ:

 

28.07.2016 թ. այցելել եմ «Դատապարտյալների» հիվանդանոց' տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցները ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի այսպես կոչված «հիվանդասենյակ», որը որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունն իրականացնելու համար: Նախ' այդ սենյակում իսպառ բացայակում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր, և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակն այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ:

 

Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէին ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով:

 

Նշեմ նաև, որ իմ տեսակցության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ևս ներկա են եղել և արձանագրել տիրող ծայաստիճան անմարդկային և նվաստացուցիչ պայմանները: Մի խոսքով, Արամ Մանուկյանը պահվում է անտանելի պայմաններում: ՄԻԵԿ 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, ավելի քան երկու օր պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում և գտնվում է անօգնական վիճակում:

 

Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովվել համապատասխան պայմաններ և նրան Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային և նվաստացուցիչ:

 

Ելնելով նշված փաստերից և ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով' խնդրում եմ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի՝ նվաստացուցիչ և անմարդկային պայմաններից, տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովվել մարդկային պայմաններում ապաքինումը»: