Միայն վերջին մի քանի օրում բանակում իրար հաջորդեցին մի քանի դժբախտ դեպք, որոնք, բնականաբար, չեն կարող տեղիք չտալ անհանգստության: Եթե թշնամու կրակը կանխելու առումով ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, ավելի ճիշտ, շատ բան մեզանից կախված չէ, ապա դժբախտ պատահարների կանխման համար բավարար է միայն կարգապահություն:
Ինչպես արդեն հայտնի է, օգոստոսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը: Թեև ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, սակայն այդ քննության արդյունքների մասին նույնիսկ մակերեսային տեղեկատվություն չի հրապարակվել: Հասարակությանը տակավին հայտնի չէ, թե Գևորգ Արթուրի Հարությունյանը մե՞ր, թե թշնամու ականի վրա է պայթել, ինչը ԼՂՀ պաշտպանության նախարարությանը և քննությունն իրականացնող մարմնին դեռ նույնիսկ դեպքի օրը չէին կարող հայտնի չլինել:
Դեռ ոչինչ չի հաղորդվում նաև այն մասին, թե ում մեղքով է տեղի ունեցել հիշյալ ողբերգական դեպքը, թեև հասարակությունն իրավունք ունի իմանալ այդ մասին, իրավունք ունի ակնկալելու գոնե մասնակի թափանցիկություն, քանի որ ընտանիքները բանակ են ուղարկում իրենց համար ամենաթանկը' իրենց զավակներին: Ընդհանրապես, սա առաջին դեպքը չէ, ավելի ճիշտ կլինի ասել' բազմաթիվ են դեպքերը, երբ դժբախտ պատահարի և, առհասարակ, զինվորի մահվան և այդ առնչությամբ քննություն կատարման մասին հաղորդելուց հետո, այլևս չի հաղորդվում այդ քննության արդյունքների մասին:
Վերոնշյալ դեպքից 3 օր հետո' օգոստոսի 5-ին, N զորամասի ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենան ժամը 11։15-ի սահմաններում ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։
Շատ անգամ կարգապահության պակասի հետևանքով տեղի ունեցած դեպքերը, եթե ողբերգական ավարտ չեն ունենում, հայտնի չեն դառնում լայն հասարակությանը: Դրանք քանակապես ավելի շատ են, քան մահվան ելքով դեպքերը: Այդպիսի դեպքերից մեկն էլ տեղի է ունեցել այս տարվա մարտի կեսերին: Սևակ Վիրաբյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ՀՀՍ ծառայության պահեստապետ, ըստ մեղադրական եզրակացության, 2016թ. մարտի 16-ին խախտելով զենքի հետ վարվելու կանոնները' առանց զենքի փամփշտակալում փամփուշտի առկայությունը և փակաղակի դիրքը ստուգելու, առանց ստուգիչ լիցքաթափում կատարելու, սեղմել է ՊՍՍ տեսակի, ME-0025 համարի անձայն ատրճանակի ատրճանակի ձգանը և կրակոց արձակել: Կրակոցի հետևանքով ենթասպա Հայկազ Տիգրանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ձախ սրունքի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման ձևով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: Ի սեր Աստծո, զգույշ եղեք, մեր ամեն մի զինվորի ու ապայի կյանքն ու առողջությունը չափազանց թանկ են:
Արթուր Հովհաննիսյան