Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, սակայն վերջերս տեղի ունեցած պատանդառման դեպքն ի հայտ բերեց հակառուսական տրամադրությունների ստորջրյա հոսանք։ Այս մասին գրում է BBC-ն։
Անցած ամիս երկու շաբաթ զինված անձինք պատանդներ պահեցին մայրաքաղաք Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկում։ Հազարավոր հակակառավարական ցուցարարներ ամեն գիշեր համախմբվում էին՝ հաջակցություն զինված անձանց, շատերը մեղադրում էին Ռուսաստանին Հայաստանի գործերին միջամտելու համար։
«Այսօր մեր երկրում բոլոր գործընթացները կառավարվում են դրսից։ Ես խոսում եմ Ռուսաստանի մասին»,- ասել էր Տիգրան Խզմալյանը՝ հուլիսի 31-ին Օպերայի շենքի աստիճաններից բազմությանը դիմելիս։ Մի ձեռքին՝ բարձրախոս, մյուսին՝ սմարթֆոն, նա ընթերցում էր հաղորդագրությունը, որը առցանց հրապարակվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից։
Ռուսական գաղութատիրությունը
Հայաստանը հյուրընկալում է ռուսական ռազմաբազան և համարում իրեն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Կովկասում։ Հայ-ռուսական բարեկամությունը՝ հիմնված ընդհանուր ուղղափառ-քրիստոնեական արմատների վրա, դարավոր պատմություն ունի։
Հայաստանի տնտեսության զգալի մասը տնօրինվում կամ վերահսկվում է Ռուսաստանի կողմից՝ ներառյալ էներգետիկ ոլորտն ու երկաթուղիները։
«Սասնա ծռեր»-ը, որի անվանումը գալիս է միջնադարյան հայկական էպոսից, հուլիսի 17-ին գրավել էր ՊՊԾ գունդը՝ սպանելով մի ոստիկանի և պատանդների հետ բարիկադավորվելով ներսում։
«Մենք ուզում ենք, որ ժողովորդը և միջազգային հանրությունը հասկանա՝ սա ազգային-ազատագրական շարժում է ընդդեմ ռուսական գաղութատիրության»,- ասվում է նրանց հաղորդագրությունում։
Այնուհետև Խզմալյանը բազմությանը տեղեկացրեց, որ խումբը հանձնվել է։ «Հերոսնե῀ր, հերոսնե῀ր»,- գոչեց ժողովուրդը։ Ծռերից շատերը ԼՂ-ի համար Ադրբեջանի դեմ 1990-ականների Հայաստանի պատերազմի վետերաններ են։ Ներկայում կալանքի տակ գտնվող պատերազմի վետերաններին կարող են սպառնալ տևական ազատազրկման ժամկետներ, սակայն նրանց կողմնակիցները շարունակում են ամենօրյա ցույցերը։
Շատ հայեր համամիտ են նրանց պահանջներրի հետ, որը ներառում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչ։ Շշուկներ կան, որ նա ցանկանում է Հայաստանի կողմից վերահսկվող որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին՝ խաղաղ գործարքի դիմաց։
Տիգրան Խզմալյանի համար «ռուսական գաղութատիրության» դեմ պայքարի խմբի կոչը ամենակարևոր մեսիջն է այս ճգնաժամից դուրս գալու համար։ Նրա խոսքով՝ շատ հայեր հասկացան, որ իրական թշնամին տեղի վարչակազմը չէ, որը մանիպուլյացիայի է ենթարկվում Մոսկվայի կողմից, իրական թիրախը Կրեմլն է, Պետանվտանգության կոմիտեն։
Ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ էսկալացիա, որի ժամանակ մոտ 200 մարդ՝ զինվորականներ ու քաղաքացիական անձինք զոհվեցին։ Դա բռնության ամենախոշոր բռնկումն էր ավելի քան 20 տարում։
Կրեմլը օգնեց ապրիլի 5-ին հասնել հրադադարի, սակայն ռուսական կողմի սպառազինությունների մատակարարումները և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին քննարկումներ բռնկեցին Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ։ Ապրիլի 24-ին ցուցարարները երթով շարժվեցին Երևանում Ռուսաստանի դեսպանություն և ձվեր նետեցին շենքի ուղղությամբ՝ զայրացած այն բանից, ինչը նրանք համարում են ռուսական երեսպաշտություն։
Ռուսաստանը վերջին տարիներին Ադրբեջանին ավելի քան 4 մլրդ դոլարի զենք է վաճառել, բայց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պնդում է, որ երկու կողմերի զենքի մատակարարումը զսպող գործոն է և տարածաշրջանում ստեղծում է «ուժերի հավասարակշռություն»։
Այս տարի ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տրամադրել 200 մլն դոլարի վարկ՝ ռուսական զենքեր գնելու համար, այդ թվում՝ հակահրթիռային համակարգեր և հակատանկային հրթիռներ։
Չորեքշաբթի բանակցությունների նպատակով սպասվում է նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա։ Նա կարող է ճնշման ենթարկվել՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործարքի գնալու հարցում։ Սակայն զգուշանալով Հայաստանում աճող անհանգստությունից՝ նա վերջերս հրապարակավ հայտարարել էր, որ փոխզիջման հնարավորություն չկա։
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի մաս։ Երբեք, նորից կրկնում եմ՝ դրա մասին խոսք լինել չի կարող»,- ասել էր նա։