Ղրիմում ու Դոնբասում Ռուսաստանի գործողությունները «մարտահրավեր են նետում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Եվրոպայում ունենալ կայուն և խաղաղ զարգացում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Լվովի մարզի Խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնում մամլո ասուլիսի ժամանակ: Այդ կենտրոնում են անցկացվում «Ուկրաինա-2015» միջազգային զորավարժությունները. փոխանցում է liga.net-ը:
«Ղրիմում և Արևելյան Ուկրաինայի որոշ շրջաններում Ռուսաստանի գործողությունները ոչ միայն խախտում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև խափանում խաղաղությունը, որը շատ տասնամյակներ հիմնվում է անվտանգության սկզբունքի վրա: Հետևաբար դա մարտահրավեր է մեզ՝ Եվրոպայի կայուն և խաղաղ զարգացում ցանկացողներիս»,- ասել է Սթոլթենբերգը:
Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով է դաշինքն «ակտիվորեն աջակցում Ուկրաինային», ինչպես նաև շեշտը դնում Մինսկի պայմանավորվածությունները հարգելու և իրագործելու անհրաժեշտության վրա՝ որպես Դոնբասում հակամարտության կարգավորման խաղաղ ուղի: