Վրաստանի խորհրդարանը տեւական ու բուռն քննարկումից հետո մարտի 6-ի ուշ երեկոյան բանաձեւ է ընդունել Ուկրաինայում ծավալվող գործողությունների վերաբերյալ, որն առաջարկել էր «Վրացական երազանք» կառավարող կոալիցիան: Բանաձեւը խորհրդարանի կողմից ընդունվել է 74 ձայնով, փոքրամասնությունը՝ «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունից պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք քվեարկության են դրել բանաձեւի իրենց տարբերակը, որը հավաքել է ընդամենը 27 ձայն, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Մինչ այդ մեծամասնությունից եւ փոքրամասնությունից պատգամավորները երկու օր փորձում էին համաձայնեցնել եւ քվեարկության ներկայացնել Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի միասնական տեքստ: Երկու նախագծերում էլ աջակցություն էր հայտնվում Ուկրաինայի եվրոպական ընտրությանն ու ինքնիշխանությանը եւ դատապարտվում Ռուսաստանի գործողությունները, սակայն Ազգային շարժման առաջարկած տեքստը բովանդակում էր ավելի կտրուկ ձեւակերպումներ եւ աջակցություն էր հայտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն:
«Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին» ընդունված բանաձեւում Վրաստանի խորհրդարանը Ռուսաստանի գործողությունները գնահատում է ագրեսիվ՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ: Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները համեմատվում են 2008 թվականին Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հետ: «Այսօր Ուկրաինային նույն բանն է սպառնում»,- ասված է բանաձեւում:
Վրաստանի խորհրդարանն աջակցություն է հայտնում Ուկրաինայի եվրոպական ընտրությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ դատապարտում է ռուսական կողմի գործողությունները:
Խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ շարունակելու կոնսուլտացիաները Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ, անհրաժեշտության դեպքում, հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին: